Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 ՄԱՐԶԻՉ, 15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը մեր ընտրանու 13-րդ մարզիչն է: 15 տարվա պատմություն ունեցող Հայաստանի հավաքականի համար սա բավական մեծ թիվ է: Փորձենք վերհիշել բոլոր մարզիչներին եւ պարզենք թե ինչու են նրանք այդքան արագ փոխվում:

1. Էդուարդ Մարգարով` 1992-1994թթ. 6 խաղ Մարգարովի գլխավորությամբ ստեղծվեց Հայաստանի հավաքականը: Թեեւ այն ժամանակվա ֆուտբոլի ֆեդերացիան մեծ կարողություններ չուներ, սակայն Մարգարովի տրամադրության տակ էին մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք խորհրդային դպրոցի սաներ էին, «Արարատի» փորձառու ֆուտբոլիստներ: Ցավոք, մարզչին չհաջողվեց օգտագործել հավաքականի մեծ պոտենցիալը, որտեղ հանդես էին գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին վաղամեռիկ Համլետ Մխիթարյանը, ուժերի ծաղման շրջանում գտնվող Երվանդ Սուքիասյանը եւ այլոք:

2. Սամվել Դարբինյան` 1995-1996թթ. 9 խաղ «Եվրո-96»-ի ընտրական փուլի մի քանի անհաջող հանդիպումներից հետո Մարգարովին փոխարինած Դարբինյանի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները պաշտոնական հանդիպումներում տոնեցին իրենց առաջին հաղթանակը` հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասնելով Մակեդոնիայի նկատմամբ: Ամեն դեպքում ընտրական փուլի ավարտից հետո ՀՖՖ-ն հրաժարվեց նաեւ այս մասնագետի ծառայություններից, քանի որ Հայաստանը իր ենթախմբում եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

3. Խորեն Հովհաննիսյան` 1996-1997թթ 16 խաղ Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի գլխավորությամբ մեր ընտրանին վերջապես սկսեց զարմացնել ֆուտբոլային Եվրոպային: Պաշտոնական հանդիպումներում թույլ հավաքականի համբավ ունեցող Հայաստանը հանկարծ ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի հետ, իսկ հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց Ուկրաինայի հետ մրցավեճը: Եղան նաեւ մի քանի այս տպավորիչ հանդիպումներ: 1998թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 6 թիմերի պայքարում գրավեց 4-րդ հորիզոնականը: Հովհաննիսյանի աշխատած տարիների ամենամեծ բացթողումը ընկերական հանդիպումներին անպատրաստ ներկայանալն էր: 1997թ. Հայաստանը 2 անգամ 0:7 հաշվով պարտություններ կրեց ընկերական հանդիպումներում:

4. Սուրեն Բարսեղյան` 1998-1999թթ. 14 խաղ «Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդես եկավ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ: Այս մարզչի գլխավորությամբ մեր ընտրանին առանձանապես ոչնչով աչքի չընկավ եւ առաջ անցավ միայն Անդորրայի հավաքականից:

5. Վարուժան Սուքիասյան` 2000-2001 17 խաղ Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը առաջին անգամ ընտրական փուլում ոչ-մի հաղթանակ չտոնեց եւ բնականաբար եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Մինչդեռ մեկնարկային խաղում Հայաստանը հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Նորվեգիայի հետ, որը այդ պահին լավագույններից մեկն էր Եվրոպային: Հաջորդ խաղում մեր թիմը եւս մոտ էր հաջողությանը եւ 2:0 հաշվով առավելության էր հասնում Ուկրաինայի նկատմամբ: Սակայն ի վերջո պարտվեց 2:3 հաշվով, որից հետո սկսվեցին անհաջողությունները:

6. Անդրանիկ Ադամյան` 2002 (2003) 2 խաղ Գյումրեցի փորձառու այս մասնագետը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց 2002թ.: Սակայն վեց ամիս անց նրան փոխարինեց Օսկար Լոպեսը, որը «Փյունիկի» հետ աննախադեպ արդյունքների էր հասել

7. Օսկար Լոպես` 2002թ. խաղ Լոպեսը փոխարինելով Ադամյանին դարձավ Հայաստանի հավաքականը գլխավորած առաջին արտասահմանցին: Սակայն մի քանի ամիս անց նա հեռացավ Հայաստանից, դժգոհելով իր աշխատավարձից:

8. Միխայ Ստոյկիցա` 2003-2004 10 խաղ Ռումինացի այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սկսեց դիտարժան ֆուտբոլ ցույց տալ, հաղթանակներ տոնել: Թվում էր Հայաստանը գտել էր այն մարզչին, որին այդքան երկար փնտրել էին մեր ֆուտբոլային չինովնիկները: Բայց այս անգամ չար կատակ խաղաց 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի մրցակիցներ դարձերեց Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականներին: Ստոյկիցան անկեղծորեն խոստովանեց, որ եթե իր գլխավոր Հայաստանը հաղթի Ռումինիայիում, ապա հայրենիքում նրան կանվանեն դավաճան: Նման իրավիճակում ռումինացուն մնում էր միայն լքել Հայաստանը:

9. Բեռնարդ Կազոնի` 2004-2005 8 խաղ Ֆրանսիացի այս մարզիչը չկարողացավ շարունակել Ստոյկիցայի գործը: Նրա գլխավորությամբ Հայաստանը ընտրական փուլը սկսեց 4 պարտություններով: Անհաջողությունների հիմնական պատճառը այն էր, որ Կազոնին Հայաստանում չէր բնակվում եւ միայն հանդիպումներից 3-4 առաջ էր ժամանում Հայաստան: Նա որոշ հայ ֆուտբոլիստների միայն դեմքով էր ճանաչում:

10. Հենկ Վիսման` 2005-2006թթ. 8 խաղ Հոլանդացի Հենկ Վիսմանը, գլխավորելով Հայաստանի հավաքականը, ապացուցեց, որ Կազոնին չարյաc փոքրագույնն էր: Վիսմանը թեեւ բնակվում էր Երեւանում, սակայն մտածում էր ամեն ինչ մասին, բացի Հայաստանի հավաքականի հաջող ելույթների:

11. Յան Պորտերֆիլդ` 2006-2007թթ. 10 խաղ Շոտլանդացի այս մասնագետի գրանցած արդյունքները քաջ հայտնի են բոլորին, որոնք դրանք աննախադեպ ելույթներ էին: Արդեն 1 տարի է անդադար խոսվել է այդ մասին: Կարելի է պարզապես եւս մեկ անգամ ցավել, որ նա անժամանակ հեռացավ կյանքից:

12. Վարդան Մինասյան` 2007թ 6 խաղ Վարդան Մինասյանը որպես գլխավոր մարզիչ չի աշխատել: Հանգամանքների բերումով նա եղել է գլխավոր մարզչի պաշտոնակատար: Երիտասարդ մասնագետը վերջին տարիներին լինելով հավաքականի մարզիչների օգնականը, արդեն մեծ փորձ է կուտակել, սակայն նա եւս խոստովանում է, որ դեռ սովորելու շատ բան ունի եւ իր ժամանակը դեռ չի եկել:

13. Յան Պոուլսեն` 2008թ. Դանիացի այս մարզչի գլխավորությամբ շատ շուտով Հայաստանի հավաքականը միանգամից 3 հանդիպում կանցկացնի` մասնակցելով փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք միջազգային մրցաշարին: Այնտեղ մեր ընտրանու մրցակիցները Բելառուսի, Իսլանդիայի եւ Մալթայի համեստ ընտրանիներն են, ուստի Պոուլսենը հնարավորություն ունի նորմուտը նշել հաղթանակներով: