Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՈւԼԻՍԸ» ՓՈՐՁԱՐԿՈւՄ Է

Սպորտ

Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Չեմպիոն «Փյունիկը» եւ «Ուլիսը» այժմ գտնվում են Արարատի «Այգ» մարզաբազայում, որտեղ օրական 2-ական մարզում են անցկացնում:

«Փյունիկում» տեղի ունեցած փոփոխությունների մասին արդեն բազմիցս անդրադարձել ենք, իսկ ահա «Ուլիսի» հետ նոր տեղեկություներ «Ա1+»-ին հայտնեց թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Ըստ նրա` ներկայումս թիմում փորձաշրջան են անցնում մեծ թվով ֆուտբոլիստներ, այդ թվում Վրաստանից ժամանած 2 խաղացողներ.«Նրանցից մեկը վրացահայ Էդգար Ղազարյանն է: 2-րդը Թբիլիսիի «Դինամոյում» հանդես եկած Հակոբիանը: Մեզ մոտ փորձաշրջան են անցնում նաեւ Երեւանի «Դինամոյի» մի շարք խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից մի քանիսին դեռեւս նախորդ մրցաշրջանում էինք հրավիրել»:

«Ուլիսը» նաեւ ստուգողական հանդիպումներ է անցկացնում: Թիմի արդեն մրցել է «Բանանց-2»-ի հետ եւ առաջիկայում պատրաստվում է այդ թիմի հետ եւս մեկ հանդիպում անցկացնել «Բանանցի» մարզաբազայում գտնվող արհեստական խոտածածկի վրա: «Ուլիսը» մրցելու է նաեւ «Փյունիկի» եւ «Արարատ-2»-ի հետ. «Փետրվարի 11-ից «Այգում» 2 շաբաթով կանցկացնենք ուսումնամարզական 2-րդ հավաքը: Եւս մեկ հավաք նախատեսում ենք անցկացնել Թուրքիայում` Անթալիա քաղաքում»:

«Ուլիսը» ունի նաեւ կորուստներ: Մասնավորապես` Կարեն Նավոյանը ցանկացել է ելույթները շարունակել իր նախկին ակումբում` «Արարատում», որի հետ արդեն մեկնել է Խորվաթիա եւ այնտեղ մասնակցում է ուսումնամարզական հավաքի: «Ուլիսում» վարձավճարով հանդես եկող աֆրիկացի Էֆեն էլ վերադարձել է «Փյունիկ», որին պատկանում էր ֆուտբոլիստի տրանսֆերը: