Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽՆԴԻՐ ՈւՆԵՆ

Սպորտ

Ֆուտբոլի` Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել փետրվարի 2-ին Մալթայում մեկնարկող միջազգային մրցաշարին: Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ազգային թիմում կադրային որոշակի խնդիրներ կան, եւ հրավիրված ֆուտբոլիստներից ոչ բոլորը կարող են մասնակցել մրցաշարին. «Դարպասապահ Ռոման Բերեզովսկին լավագույն դեպքում կմասնակցի փետրվարի 6-ին կայանալիք հանդիպմանը:

Միայն այդ օրն է ՖԻՖԱ-ի ընկերական հանդիպումներից անցկացման օր հաստատված: Մյուս օրերին հավաքականի լեգեոներներները որոշակի դժվարություններ են ունենում: Առաջիկա հանդիպումներին չեն մասնակցի Գեւորգ Կասպարովը եւ Համլետ Մխիթարյանը, որոնք հանդես են գալիս Իրանի առաջնությունում եւ այդ ընթացքում չէին կարող լքել իրենց ակումբին: Էդգար Մանուչարյանն էլ նոր է սկսել հանդես գալ «Այաքսի» երիտասարդական թիմում եւ դեռ լավ մարզավիճակ է փորձում ձեռք բերել: Ռոբերտ Զեբելյանն էլ ներկայումս է նոր ակումբ է փնտրում, եւ նա եւս չի կարող ժամանել: Սարգիս Հովսեփյանը այժմ վնասվածք ունի, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք կկարողանա մեկնել մեզ հետ Մալթա»:

Հրավիրված 29 ֆուտբոլիստներից ներկայումս Երեւանում են ընդամենը 14-ը: Ըստ Վարդան Մինասյանի մնացած ֆուտբոլիստները հունվարի 31-ին ժամանալու են միանգամից Մալթա: Վնասվածք ունի նաեւ հավաքականի 3-րդ դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը, որը սակայն այսօր սկսել է մարզել. «Առաջիկա 2 օրերին պարզ կլինի, թե արդյոք Ֆելիքսը կարող է մեկնել մեզ հետ, թե ոչ: Ամեն դեպքում հրավիրել ենք նաեւ «Ուլիսի» դարպասապահ Մայիս Ազիզյանին եւ Գրիգոր Մելիքսեթյանին «Փյունիկից»»:

Խոսելով առաջիկա մրցաշարի մասին` Վարդան Մինասյանը նշեց, որ քաջ ծանոթ են Մալթայի, Իսլանդիայի եւ Բելառուսի հավաքականներին, որոնք հետ մրցելու է մեր ընտրանին. «Մալթայի հետ ընդամենը 6 ամիս առաջ ենք ընկերական հանդիպում անցկացրել, իսկ մյուս 2 հավաքականների հետ Հայաստանը հանդիպել է մի քանի տարի առաջ կայացած ընտրական հանդիպումներում: Կարծում եմ, այս 3 մրցակիցներից կարելի է առանձնացնել Բելառուսին: Մեզ համար արդյունքը այս մրցաշարում երկրորդական է, քանի որ հավաքականը ունի նոր մարզիչ, որին առաջին հերթին անհրաժեշտ է ծանոթանալ թիմին: Ինձ թվում է, բոլոր հավաքականներն էլ միայն փետրվարի 6-ին կայանալիք հանդիպումներին կմասնակցեն իրենց ուժեղագույն կազմով, քանի որ լեգեոներներին հրավիրելու խնդիր կա եւ ինչպես արդեն նշեցի, միայն այդ օրն է ՖԻՖԱ-ի խաղացանկով նախաստեսված ընկերական հանդիպումների համար»:

Վարդան Մինասյանը հայտնեց նաեւ, որ առաջիկա 3 հանդիպումներն էլ պաշտոնական են եւ արդյունքները միանշանակ ազդելու են ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի վրա: