ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» խաղացող Սամվել Մելքոնյանը փորձաշրջան է անցնում գերմանական «Ֆրայբուրգում», որը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայիում: «Բանանց» ակումբում առայժմ տեղյակ չէ, թե ինչպես կդասավորվի Մելքոնյանի ճակատագիրը գերմանական թիմում:
Սամվել Մելքոնյանը «Ֆրայբուրգի» կազմում արդեն մի քանի մարզումների է մասնակցել: Վաղը Սամվելը նոր թիմի կազմում կկազի ստուգողական հանդիպման, որից հետո էլ հավանաբար կորոշվի, թե արդյոք «Ֆրայբուրգը» ցանկանում է պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ: Ամեն դեպքում Մելքոնյանը ընդգրկված է «Համագործակցության գավաթի» խաղարկությունում «Բանանցի» ներկայացրած հայտում:
«Ֆրայբուրգը» ներկայումս հանդես է գալիս Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում եւ պայքարում է ուժեղագույնների խումբ տեղափոխվելու համար: Առաջին շրջանից հետո թիմը ընթանում է 4-րդ տեղում, մինչդեռ Բունդեսլիգայի ուղեգիր են նվաճում լավագույն 3 թիմերը:
«Բանանցի» մամուլի քարտուղարությունում նշեցին, որ դեռ տեղեկություններ չկան թիմի մյուս առաջատար ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանի վերաբերյալ, որը եւս բազմաթիվ առաջարկներ ունի:
2007թ. Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը բավական հաջող հանդես եկան հատկապես Հայաստանի ազգային հավաքականում: Եթե Մելքոնյանը ազգային թիմում է 2005թվականից, ապա Առաքելյանը ամրապնդվեց հավաքականում միայն նախորդ տարի: