ԵՎՍ ՄԵԿ ԼԵԳԵՈՆԵՐ «ԲԱՆԱՆՑԻ» ԿԱԶՄՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՑանկացած ֆուտբոլային մարզիչ` աշխատելով արտասահմանում, տվյալ թիմում ձգտում է ընդգրկել նաեւ իր հայրենակիցներին: Բացառություն չէ նաեւ «Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը, որը սակայն առայժմ բավարարվում է մեկ խաղացողով: Նրա նախաձեռնությամբ «Բանանցում» է ընդգրկվել բուլղարացի 27-ամյա ֆուտբոլիստ Մարկո Մարկով Գանչեւը: Երեկ ուշ երեկոյան Գանչեւը ժամանել է Երեւան եւ միացել «Հրազդան» հյուրանոցում հանգրվանած նոր թիմակիցներին: Գանչեւը փորձառու կիսապաշտպան է եւ հանդես է եկել մի շարք բուլղարական ոչ հայտնի ակումբներում:
Ինչպես արդեն հայտնել էինք, «Բանանցում» փորձաշրջան է անցնում նաեւ վրացի դարպասապահ Գերոգի Նիկուրաձեն: Այս 2 ֆուտբոլիստները թիմի կազմում կմասնակցեն շուտով մեկնարկելիք ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների միջեւ անցկացվող «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Թերեւս այս մրցաշարից հետո էլ պարզ կլինի, թե արդյոք փոխչեմպիոնի հետ պայմանագիր կկնքեն այս ֆուտբոլիստները:
Ներկայումս «Բանանցում» կընդգրկված են եւս 3 լեգեոներներ: Խոսքը դարպասապահ Դմտիրի Պիվարարենկոյի, պաշտպան Անդրեյ Չերեւկոյի եւ կիսապաշտպան Նոա Կասուլեի մասին է, որոնք նախորդ առաջնությունում հիմնական կազմի խաղացողներ էին համարվում:
Սպասվում է, որ առաջիկայում «Բանանցում» փորձաշրջան կանցնեն եւս մի քանի արտասահմանցիներ: Իսկ թիմը «Համագործակցության գավաթի» խաղարկությունից հետո ամենայն հավանականությամբ կլքեն Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը, որոնք «Բանանցի» ընդգծված առաջատարներն են: Այս ֆուտբոլիստները արտասահմանյան ակումբներից բազմաթիվ առաջարկներ ունեն: