Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍՊԱՍՈւՄ ԵՄ, ՈՐ ԿՃԱՆԱՉՎԵՄ ԼԱՎԱԳՈւՅՆԸ»

Սպորտ

Հայաստանի լավագույն մարզիկի անունը պաշտոնապես հայտնի կդառնա դեկտեմբերի 18-ին, սակայն գործնականում պարզ է, որ այդ կոչմանը կարժանանա ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Դավթյանը:

Գյումրեցի ծանրորդը «Ա1+»-ի հետ զրույցում խոստովանեց, որ իր համար անակնկալ չի լինի լավագույնը ճանաչվելը. «Այո, իրոք սպասում եմ, որ լավագույնը կճանաչվեմ: Դա ինձ համար անակնկալ չի լինի, քանի որ այս տարին շատ հաջող դասավորվեց»:

Գեւորգ Դավթյանը մայիսին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ ճանաչվեց առաջնության լավագույն մարզիկ:

Հայ ծանրորդը նման հաջողության էր հասել նաեւ 2006թ. Եվրոպայի առաջնությունում: 2007թ. աշխարհի առաջնությունում Դավթյանը շատ մոտ էր չեմպիոնի կոչմանը, սակայն ի վերջո ոսկին զիջեց բուլղարացի ծանրորդին եւ բավարարվեց արծաթով, ինչը եւս մեծ նվաճում էր:

«Արդեն 14 տարի է զբաղվում եմ ծանրամարտով: 1993թ., երբ դեռ 10 տարեկան էի Գյումրիում սկսեցի զբաղվել այս մարզաձեւով: Առաջին անգամ մրցանակակիր դարձա 1997թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունում, իսկ 1998-99թթ. արդեն Եվրոպայի պատանեկան չեմպիոն էի: Հաջորդ լուրջ հաջողությունս եղավ 2001թ. երիտասարդական աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճեցի ոսկե մեդալ, իսկ 2003թ. մեծահասակների աշխարհի առաջնությունում դարձա փոխչեմպիոն»,-պատմում է նա:

Դավթյանի կարծիքով` 2007թ. լավագույն տարիներից մեկն էր հայկական ծանրամարտի համար. «Մեծ թվով մեդալներ նվաճեցին մեր մարզիկները, թե մեծահասակների, թե երիտասարդականներ եւ թե պատանեկանների պայքարում: Հատկապես հաջող էր մեր ելույթը Եվրոպայի առաջնությունում, որտեղ առաջ անցանք նույնիսկ Ռուսաստանի հավաքականից եւ թիմային պայքարում գրավեցինք առաջին հորիզոնականը: Դրանից հետո էլ, ինչպես գիտեք, Թաիլանդում ես աշխարհի փոխչեմպիոն դարձա: Արդեն 5 օլիմպիական ուղեգիր ենք նվաճել եւ սա լավ արդյունք է»:

Գեւորգ Դավթյանի համար ամենակարեւոր ստուգատեսը կլինի 2008թ.օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերում մեդալի կարոտ մեր սպորտային հասարակությունը առաջին հերթին հենց Գեւորգից է սպասում մեդալի. «Իհարկե, դա շատ կարեւոր խաղեր են: Առաջիկա Եվրոպայի առաջնությանը ես չեմ մասնակցելու, որպեսզի օլիմպիական խաղերին լավ մարզավիճակում ներկայանամ: Բացի այդ ինձ մոտ գերհոգնածություն կա, ուստի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ»: