ՌՄԲԱՐԿՈւ ՊԱՇՏՊԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵթե ուսումնասիրենք ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների տվյալները, ապա մեծ զարմանքով կարձանագրենք, որ միայն Հայաստանի հավաքականում է պաշտպանը հանդես գալիս իբրեւ թիմի գլխավոր ռմբարկու:
Խոսքը Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի մասին է, որ 2007թ. ընթացքում ազգային թիմի կազմում 3 գոլի հեղինակ դարձավ: Հայաստանի ներկայիս հավաքականում Արզումանյանը այս ցուցանիշով լավագույնն է:
«Մեր հավաքականի բոլոր պաշտպաններն էլ այս տարի լավ խաղացին: Դժվարանում եմ ասել, թե ինչով է պայմանավորված թիմ արդյունավետ խաղ: Համենայնդեպս նախորդ տարի ես երիտասարդական հավաքականի կազմում 2 գոլի հեղինակ էի դարձել: Շատ քիչ ֆուտբոլիստների է հաջողվում նույնիսկ երիտասարդական հավաքականում գոլի հեղինակ դառնալ: Այս տարի ավելի արդյունավետ ստացվեց խաղս, բայց ես պաշտպան եմ եւ բացառված չէ, որ այլեւս նման արդյունավետ խաղ չցուցադրեմ կարիերայիս ընթացքում», - նշեց Ռոբերտ Արզումանյանը: Գոլերից առաջինը նա խփել էր հունիսի 2-ին կայացած Ղազախստան Հայաստան խաղում` բացելով խաղի հաշիվ: Ամենահիշարժան գոլը Ռոբերտը խփեց օգոստոսի 22-ին «Հանրապետականում» Պորտուգալիայի հավաքականի դարպասը: Արտավազդ Քարամյանի տուգանայինից կատարած փոխանցումից հետո` բարձրահասակ պաշտպանը գլխի հարվածով գրավեց Ռիկարդուի պաշտպանած դարպասը:
Ըստ Արզումանյանի այս տարին յուրհատուկ էր եւ տպավորիչ իրադարձություններ շատ եղան. «Հաջող հանդիպումներ եղան, որոնցից մի քանիսը կարելի է առանձնացնել: Հավաքականների մակարդակով կարելի է ընդգծել Ղազախստանի հարկի տակ տոնած հաղթանակը եւ Երեւանում Լեհաստանի հետ մրցավեճը, որում մենք եւս հաղթեցինք, ինչպես նաեւ Պորտուգալիայի հետ ոչ-ոքին: Սերբիայի հանդիպումն էլ կարելի է հիշատակել, որում մենք պարտավոր էինք հաղթել: Ակումբային ելույթներից կարելի է առանձնացնել «Միկայի» ելույթը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Իսկ «Փյունիկը» մեկ անգամ չէ, որ հաղթահարել է առաջին փուլի արգելքը, սակայն նախորդ 2 տարիներին չէր հաջողվում այդ խնդիրը լուծել, բայց այս տարի հաջող խաղացինք եւ կարողացանք դուրս գալ 2-րդ փուլ»:
Հաջորդ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը արդեն պայքարելու է եզրափակիչ փուլ դուրս գալու համար, սակայն Արզումանյանի կարծիքով դա շատ բարդ խնդիր է. «Բնականաբար պայքարելու ենք լավ արդյունքի համար, սակայն պետք է իրատեսորեն նայենք, քանի որ խնդիրը այնքան էլ հեշտ չէ: Մեր խմբում կան ուժեղ մրցակիցներ: Ընտրական փուլում հաջողության հասնելը բարդ խնդիր է եւ օրինակ Անգլիայի պես բարձրակարգ հավաքականը չկարողացավ լուծել այդ խնդիրը վերջերս ավարտված ընտրական փուլում»:
Նախորդ տարի Արզումանյանը փորձաշրջան անցավ անգլիական «Շեֆիլդ» եւ «Լիդս» ճանաչված թիմերում, սակայն վերադարձավ հայրենիք. «Եթե լինեինք Ֆրանսիայի կամ երեւէ այլ երկրի քաղաքացի, մեր ֆուտբոլիստների համար շատ հեշտ կլիներ: Այս տարի եւս լուրջ առաջարկ ունեմ: Տեսնենք` ինչ ավարտ կունենան ակումբների միջեւ ընթացող բանակցությունները»: