Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՐԱՇՔ ՖՈւՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը արդեն վերդարձել է Երեւան: Մինչեւ 21 տարեկանների մեր ընտրական 2 հաջող արտագնա հանդիպում Է անցկացրել: Վարուժան Սուքիասյանի սաները նախ ընկերական խաղում 1:1 հաշվով ավարտել են Ֆրանսիայի հետ մրցավեճը, ապա ընտրական մրցավեճում 4:1 հաշվով առավելության հասան Լիխտենշտեյնի նմատմամբ:

Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նախ խոսեց ֆրանսիացիների հետ հանդիպման մասին. «Իրոք հզոր թիմ էր մեր մրցակիցը»: ‎Ֆրանսիական թիմում հանդես են գալիս «Միլանի», «Արսենալի», «Չառլթոնի», «Լիոնի» եւ այլ բարձրակարգ ակումբների խաղացողներ:

«Առավելությունը դաշտի տերերի կողմն էր, սակայն մեր հակագրոհները բավական սուր էին: 2 խաղակեսերի սկզբնամասում էլ մենք առավելություն ունեինք: Գոլը ֆրանսիացիները խփեցին մեր պաշտպանների անհաջող խաղի պատճառով, սակայն 2-րդ կեսի սկզբնամասում Գեւորգ Նռանյանը Հայկ Չլինգարյանի փոխանցումից հետո վարպետորեն գրավեց դարպասը,-պատմում է նա,- Դրանից հետո ֆրանսիացիները մեծ ուժերով նետվեցին առաջ, սակայն մեր ֆուտբոլիստները չեզոքացրեցին վտանգավոր պահերը մի դրվագում էլ շատ հաջող խաղաց դարպասապահ Մելքիսեթյանը: Այս ընթացքում մենք էլ մի քանի վտանգավոր հակագրոհներ ձեռնարկեցինք»:

Ուժեղ մրցակցի հետ ոչ-ոքին մեր երիտասարդներին մեծ վստահություն է հաղորդել եւ մի քանի որ անց` նոյեմբերի 20-ին, Հայաստանը 4:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, որը սեփական հարկի տակ լուրջ դիմադրություն է ցույց տալիս. «Մենք լավ էինք ուսումնասիրել մրցակցի խաղը, որը նախքան այս մեծ դժվարությամբ էր միավորներ տվել Թուրքիային եւ Ուկրաինային: Թուրքիան հաղթել էր 3:2 հաշվով` հաղթական գնդակը խփել 95-րդ րոպեին: Անկեղծ ասած մենք նման խոշոր հաշվով հաղթանակ չէինք սպասում: Բայց մեր տղաները հրաշք ֆուտբոլ խաղացին եւ կարող էին ավելի խոշոր հաշվով հաղթել մրցակցին, քանի որ մի քանի գոլային պահեր չիրացվեցին»,-ասաց մարզիչը:

Սուքիասյանի կարծիքով` այս հանդիպումները ցույց տվեցին, որ Չեխիայից հոկտեմբերին կրած խոշոր հաշվով պարտությունը չէր համապատասպանում իրականությանը. «Մենք խնդրել ենք, որ տեսագրությունը ուղարկեն եւ այստեղ ցույց տրվի, որ 0:3 հաշվի մեր հավաքականը արժանի չէր»: Ըստ երիտասարդական հավաքականի մարզչի` թիմում կան տղաները, որոնք կարող են հետագայում համալրել ազգային հավաքականը. «4-5 հոգի շնորհալի ֆուտբոլիստներ կան երիտասարդական հավաքականում, որոնք հաջորդ տարի պետք է համալրեն ազգային թիմը»: