«ՓՅՈւՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող: 2007թ. առաջնությունում «Փյունիկը» չեմպիոնի կոչումը նվաճեց այսօր «Նաիրի» մարզադաշտում «Արարատի» հետ կայացած հետաձգված խաղում:
Խաղասկիզբում առավելություն ունեին «Արարատի» ֆուտբոլիստները, որոնց կազմում արդեն 2-րդ րոպեին կարող էր աչքի ընկնվել Սարգիս Մովսիսյանը: Քիչ անց նպաստավոր դիրքում հայտնվեց Վահագն Մինասյանը, սակայն ազգային հավաքականի թեկնածուի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: 15-րդ րոպեին նույն Մինասյանը վերջապես բացեց խաղի հաշիվը. տուգանայինից Մարկոսի կատարած փոխանցումից հետո Վահագնը գլխի դիպուկ հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը: «Արարատի» ուրախությունը քիչ տեւեց քանի որ րոպեներ անց Լեւոն Պարաջյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 35-րդ րոպեին Արսեն Ավետիսյանը արդեն առաջ մղեց «Փյունիկին»: 37-րդ րոպեին Աղվան Մկրտչյանը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3:1` գործնականում վճռելով խաղի ելքը: 2-րդ կեսում Միթարյանը եւս մեկ անգամ գրավեց «Արարատի» դարպասը եւ «Փյունիկը» հաղթեց 4:1 հաշվով:
Այսօր կայացած նաեւ մեկ այլ հետաձգված հանդիպում, որում «Միկան» 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: