Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ

Սպորտ

Հանգստյան օրերին 15 օրյա ընդմիջումից հետո վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի 2007թ. առաջնությունը: Սակայն տուրի կենտրոնական հանդիպումները հետաձգվել են: Մասնավորապես կիրակի օրը կայանալիք «Փյունիկ» - «Արարատ», իսկ 1 օր անց` «Բանանց» - «Միկա» հանդիպումները առայժմ չեն կայանա:

«Փյունիկում» եւ «Բանանցում» մեծ թիվ են կազմում այն ֆուտբոլիստները, որոնք Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների կազմերում վերջին օրերին մասնակցել են ընտրական հանդիպումների, ուստի նրանց վերականգնվելու ժամանակ է անհրաժեշտ: Բացի այդ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայումս մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ գտնվում է Լիտվայում, որտեղ հոկտեմբերի 21-ին մեկնարկելու է ընտրական առաջին փուլի մրցաշարը:

Իսկ ահա «Կիլիկիա» - «Ուլիս» եւ «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումները չեն հետաձգվել: «Կիլիկիան», որը անկախ մնացած տուրերում գրանցված արդյունքներից կեզրափակի մրցաշարային աղյուսակը, «Հրազդան» մարզադաշտում կընդունի «Ուլիսին», որը նախորդ 2 հանդիպումներում հաղթել է իր մրցակիցներին: Հատկապես տպավորիչ էր Սուրեն Բարսեղյանի սաների վերջին ելույթը, որում նրանք կասեցրեցին «Բանանցի» հաղթարշավը` հաղթելով 2:1 հաշվով:

«Ուլիսը» հաղթանակի դեպքում հնարավորություն ունի ընդհուպ մոտենալ 6-րդ տեղում ընթացող «Շիրակին»: Գյումրեցիները սեփական հարկի տակ կմրցեն Կապանի «Գանձասարի» հետ, որը անհաջողության դեպքում կարող է մոռանալ լավագույն քառյակ մտնելու մասին: