Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԲԻԱՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՎԱՂԸ

Սպորտ

Վաղը 19:30-ին Երեւան կժամանի ֆուտբոլի Սերբիայի հավաքականը: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվեզդան Տերզիչի գլխավորած 36 հոգանոց պատվիրակությունը Երեւանում կհանգրվանի «Գոլդեն Պալաս» հյուրանոցում: Սերբերը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հոկտեմբերի 12-ին մեկ մարզում կանցկացնեն, իսկ մեկ օր անց նույն մարզադաշտում 20:00-ին կսկսվի Հայաստան – Սերբիա մրցավեճը:

Առայժմ հայտնի չէ, թե ով է սպասարկելու այս հանդիպումը: Ըստ ՈւԵՖԱ-ի նոր օրենքի` հանդիպման մրցավարի անունը հայտնի է դառնում հանդիպումից միայն 2 օր առաջ:

Եթե Հայաստանի հավաքականը պայքարելու է հաջող հանդիպումների շարքը շարունակելու եւ հայկական ֆուտբոլի վարկանիշը բարձրացնելու համար, ապա սերբերին թթվածնի պես հաղթանակ է անհրաժեշտ «Եվրո-2008»-ի եզրափակիչ դուրս գալու համար:

Նախքան Երեւան ժամանելը գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեի գլխավորությամբ հավաքականի թեկնածուները մարզումներ են անցկացնում Բելգրադում: Սերբիայի հավաքականի առաջատար Դեյան Ստանկովիչը, որը հանդես է գալիս Միլանի «Ինտերում», հայտարարել է, որ Երեւանում եւ Բաքվում կայանալիք առաջիկա մրցավեճերում իրենց խաղադաշտ են դուրս գալու միայն հաղթանակի համար. «Ամեն ինչ մեզանից է կախված: Եթե ցուցադրենք այն, ինչին ընդունակ ենք, ապա ցանկալի արդյունք կգրանցվի: Ինձ թվում է կադրային այն խնդիրները, որ կան հավաքականում չեն խանգարի մեզ հաղթել առաջիկա հանդիպումներում»:

Սերբերի կիսապաշտպան Դուշկո Տոշիչի կարծիքով Սերբիան պարտավոր է հաղթել, թե Հայաստանին, թե Ադրբեջանին. «Մենք կարգով ավելի բարձր են առաջիկա մրցակիցներից եւ անպայման պետք է 6 միավորով վերադառնանք, եթե իհարկե ցանկանում ենք հանդես գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում»:

Ի դեպ, Սերբիայի հավաքականը ընտրական նախորդ 3 հանդիպումներում հաղթանակ չի տոնել: Սերբերը 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի, իսկ Բելգիային հյուրընկալվելիս զիջել են 2:3 հաշվով: Մինչդեռ Հայաստանի հավաքականը վերջին 3 հանդիպումներում 7 միավոր է վաստակել, եւ չի կարողացել հաղթել միայն 1-ին խմբի ֆավորիտ Պորտուգալիային: