Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ` ԼԱՎԱԳՈւՅՆ ԽԱՂԱՑՈՂ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգեոներները հանգստյան օրերին իրենց վերջին հանդիպումներն են անցկացրել արտասահմանյան ակումբների կազմերում եւ վաղվանից կսկսեն ժամանել Երեւան:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին շատ հաջող է հանդես եկել «Խիմկիի» կազմում` Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի «Ամկարի» հետ մրցավեճում: Ռոմանը մի քանի անգամ փրկել է իր թիմին, իսկ խաղավարից մի քանի րոպե առաջ ետ է մղել 11 մետրանոցը: Բերեզովսկին ճանաչվել է այս հանդիպման լավագույն խաղացող, իսկ «Խիմկին» հաղթել է 1:0 հաշվով: Այս մրցավեճի վերջնամասում փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, որը նույնպես հանդես է գալիս «Խիմկիիում»:

Լավ մարզավիճակում է նաեւ հավաքականի մյուս դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որը հանդես է գալիս պարսկական «Պաս» թիմում: Իրանի առաջնության վերջին տուրերում Կասպարովը հիանալի խաղ է ցուցադրել: Հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը մոլդովական «Զիմբրուի» կազմում մասնակցել է գավաթի 1/8-րդ եզրափակիչի խաղարկությանը, որտեղ նրա թիմը հաղթել է «Դինամոյին»:

Ռումինիայի առաջնության 10-րդ տուրում Արտավազդ Քարամյանի «Պոլիտեխնիկան» 1:0 հաշվով առավելության է հասել «Ունիրայի» նկատմամբ: «Պոլիտեխնիկայի» կազմում հանդես եկող Արման Քարամյանը ի տարբերություն իր երկվորյակ եղբոր` խաղադաշտ դուրս չի եկել: