Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՋՈՂ ԽԱՂ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղվանից կսկսի նախապատրաստվել Սերբիայի հավաքականի հետ հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք մրցավեճին:

Արդեն Երեւանում է անգլացի մասնագետ Թոմ Ջոնսը, որը Վարդան Մինասյանի եւ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ղեկավարելու է մեր թիմին:

«Նախնական ցուցակում ընդգրկել ենք 22 հոգու, որոնք նախապատրաստվելու են Սերբիայի հետ հանդիպմանը: Սակայն մեր խաղացողներից միանգամից 10 հոգի դեղին քարտ ունեն եւ ապահովության համար հրավիրել ենք նաեւ 1-2 ֆուտբոլիստների եւս, - ասաց Վարդան Մինասյանը եւ շարունակեց, - վնասվածք ունի Արթուր Ոսկանյանը, որը մկանն է ձգել եւ դեռ հայտնի չէ կհասցնի վերականգնվել, թե ոչ: Վնասվածքներ ունեն նաեւ «Փյունիկի» ֆուտբոլիստներ Կարեն Դոխոյանը, Ռոբերտ Արզումանյանը, սակայն բժիշկը խոսք է տվել, որ նրանք կմասնակցեն Սերբիայի հետ հանդիմանը: Բնական է, որ մրցաշրջանի վերջնամասում հոգնածության ֆոնի վրա վնասվածքների քանակը շատանում է Հայաստանում»:

Եղել են նաեւ այլ ֆուտբոլւստներ, որոնց հավաքականի մարզիչները կցանկանային տեսնեին հավաքականի ճամբարում, սակայն խաղային պրակտիկայի բացակայությունը դա թույլ չի տվել: Օրինակ` Էդգար Մանուչարյանի մասին հետաքրքրվելով, մարզիչները տեղեկացել են, որ նոր է սկսել մարզվել եւ եթե խաղային պրակտիկա չունի իմաստ չկա նրան հրավիրել: Նույնը կարելի է ասել Արման Քարամյանի կապակցությամբ: «Մինչեւ Մալթայի հետ ընկերական հանդիպումը ես Քարամյանին ասացի, որ պետք է սկսես հանդես գալ քո թիմի կազմում, որ հրավեր ստանաս:

Կիպրոսի հետ հանդիպումից հետո նա այդ պայմանով վերադարձավ Ռումինիա, նշելով, որ մարզիչը խոստացել է, որ ինքը հանդես է գալու հիմնական կազմում: Մենք թույլատրեցինք, սակայն նայում ենք` վերջին 4 հանդիպումներում նույնիսկ 18 ֆուտբոլիստների ցանկում չկա նրա անունը: Կապ չունի, թե ֆուտբոլիստը որ ակումբում է հանդես գալիս: Նա անպայման պետք է ունենա խաղային պրակտիկա, քանի որ միայն մարզումներով հնարավոր չէ լավ մարզավիճակ ձեռք բերել»:

Յան Պորտերֆիլդի անժամանակ մահից հետո հայ ֆուտբոլիստները առաջին պաշտոնական հանդիպում կանցկացնեն, եւ Վարդան Մինասյանը շատ է կարեւորում մարտական ոգու պահպանումը, որը կար շոտլանդացու օրոք. «Սա շատ կարեւոր հարց է, քանի որ նախորդ հանդիպումներում մենք հաջողության ենք հասել հոգեբանական լավ պատրաստվածության շնորհիվ: Մեր խնդիրը տղաների տրամադրությունը բարձր պահելն է, քանի որ նրանք սկսել են արգեսիվ խաղալ եւ գրոհել, չվախենալով պարտությունից: Ոչինչ չենք փոխելու եւ հանդես ենք գալու նույն մարտավարությամբ, որով նախորդ հանդիպումներում հաջողության ենք հասսել»:

Մինասյանը խոսելով Սերբիայի հավաքականի մասին ասաց. «Բացի այն, որ մենք Սերբիայի հետ հանդիպել ենք ուղիղ մեկ տարի առաջ, օրերս դիտել ենք նաեւ նրանց մասնակցությամբ մի քանի հանդիպումներ, մասնավորապես Պորտուգալիա - Սերբիա, Բելգիա - Սերբիա հանդիպումները: Շատ լավ թիմ է, որի կազմում ընդգրկված են եվրոպական առաջատար ակումբների ֆուտբոլիստներ: Բայց որեւէ վախենալու բան չկա: Որ ասեմ մենք իրենցից կարգով բարձր ենք` ոչ: Բայց նվիրվածության շնորհիվ կարող ենք հաջող խաղալ»: