Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՍՏՈՎԸ ԶԱՅՐԱՑԵԼ ԷՐ

Սպորտ

Հայաստանի առաջնության 24-րդ տուրի «Ուլիս» - «Բանանց» հանդիպումից հետո կարող էր լուրջ ծեծկռտուք սկսվել 2 թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ:

Որքան էլ տարօրինակ է, հրահրողը «Բանանցի» բուլղարացի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովն էր, որը հրեց «Ուլիսի» ֆուտբոլիստներից մեկին եւ ինչ-որ անհասկանալի բաներ ասաց: Տեսնելով այս ամենը` «Ուլիսը» ֆուտբոլիստները շտապեցին օգնության, սակայն բարեբախտաբար միջադեպը կանխվեց: Կոստովը ակնհայտորեն զայրացած էր, որ իր սաները զիջել էին 1:2 հաշվով եւ հավանաբար իրադարձությունների նման զարգացումից դժգոհելով` չէր կարողացել զսպել իրեն :

Քիչ անց նա հայտնեց, որ ամենեւին էլ չի ցանկացել հաշվեհարդար տեսնել «Ուլիսի» ֆուտբոլիստների հետ. «Ես պարզապես հրեցի նրան եւ ասացի, որ խաղադաշտից հեռանա այն անցուղիով, որը նախատեսված է նրա թիմի համար, իսկ նա եկել էր «Բանանցի» համար նախատեսված անցուղի »:

Խոսելով խաղի մասին Կոստովը ասաց. «Մրցակիցը լավ հանդիպում անցկացրեց, գրագետ էր պաշտպանվում եւ շատ հաջող մեկնարկեց: Հետագայում մենք լավ հնարավորություններ ունեինք խաղը փրկելու համար: Ես մի փոքր նեղացամ եմ իմ ֆուտբոլիստներից, քանի որ նրանք հաղթանակներից հետո կորցրել էին կազմակերպվածությունը: Չեմ ուզում մրցավարին հասցեինք ինչ-որ բան ասել, քանի որ նա շատ լավ հանդիպում անցկացրեց, սակայն 1:2 հաշվի ժամանակ 2 անգամ «Ուլիսի» ֆուտբոլիստները ձեռքով խաղացին սեփական տուգանայինում»:

«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հանդիպումից հետո բավական բարձր տրմադրություն ուներ, սակայն նա ստիպված էր հանգստացնող դեղ խմել, քանի որ 90 րոպե անդադար իր սաներին հուշում էր, թե ինչպես գործեն, ում փոխանցեն գնդակը եւ այսպես շարունակ. «Մեր խնդիրը մնում է նույնը. բարձրացնել թիմի ոգին, խաղամակարդակը:

«Փյունիկի» հետ խաղում անվիճելի պարտությունից հետո տղաները իրենց մեջ ուժ գտան եւ 2 խաղում անընդմեջ հաղթեցին: Սա արդեն խոսում է այն ոգու մասին, որ կա թիմում: Մենք հաղթեցնք այս խաղում շնորհիվ բարոյահոգեբանական որակների եւ կազմակերպված խաղի »: