ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԼՂԱՐԱՑՈՒ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցը» շարունակում է հաջող հանդես գալ բուլղարացի մարզիչ Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ: Այս մասնագետը, օգոստոսին գլխավորելով թիմը, արագորեն կարողացավ «Բանանցի» հետ ամրապնվել 3-րդ հորիզոնականում եւ դառնալ 2-րդ տեղի գլխավոր հավակնորդ: Կոստովի գլխավորությամբ «Բանանցը» 3 հանդիպում է անցկացրել` նույնքան հաղթանակ տոնելով գնդակների 11:0 տարբերությամբ:
«Բանանց» - «Կիլկիկիա» հանդիպումից հետո Կոստովը նախ խոսեց մրցակցի մասին. «Հակառակորդը շատ կարգապահ խաղ ցուցադրեց եւ դժվար էր կոտրել նրանց ամուր պաշտպանությունը: Ինձ շատ դուր եկավ, որ մեր ֆուտբոլիստները թեեւ երկար ժամանակ չէին կարողանում հաջողության հասնել, սակայն չէին նյարդայնանում եւ շարունակում էին պայքարել: Չեն ցանկանում ինչ-որ մեկին առանձնացնել, քանի որ բոլորն էլ աշխատեցին: Այս մրցավեճը ինձ առանձնապես չէր հուզում, եւ ես մեծ կարեւորություն եմ տալիս հաջորդ տուրում «Միկայի» հետ կայանալիք խաղին»:
21-րդ տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացել էր Գյումրիում, որտեղ «Շիրակը» 1:5 հաշվով պարտվել էր «Փյունիկին»: «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ չնայած գրանցված խոշոր հաշվին խաղադաշտում բավական լարված պայքար էր ծավալվել. «Գրանցված հաշիվը չի արտացոլում խաղադաշտում ծավալված պայքարը: «Շիրակի» հետ միշտ էլ դժվար է խաղալը, սակայն ամեն դեպքում մենք առավելություն ունեինք եւ 3-4 100 տոկոսանոց պահեր էլ չօգտագործեցինք: «Շիրակն» էլ պայքարում եւ փորձում էր շտկել իրավիճակը:
Մրցաշարային աղյուսակում մենք միշտ էլ ունեցել ենք առավելութուն: Եղել է, երբ այդ առավելությունը հասել է 8-10 միավորի, սակայն դա ոչինչ չի նշանակում եւ տղաները պետք է շարունակեն դուրս գալ խաղադաշտ եւ պայքարել հաղթանակի համար, առավել եւս որ առջեւմ ազգային հավաքականների հանդիպումներ կան եւ հավաքականի թեկնածուները պետք է լավ մարզավիճակում լինեն»: