Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սպորտ

2006թ. օգոստոսին Երեւան ժամանեց շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդը, որը կյանքից հեռացավ երեկ երեկոյան: Փորձենք վերհիշել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրա անցած ուղին: 6 սեպտեմբերի 2006թ. Հայաստան - Բելգիա` 0:1

Այս խաղում Պորտերֆիլդը նշեց իր նորամուտը: Թեեւ Հայաստանը պարտվեց, սակայն մեր ֆուտբոլիստները լավ ֆուտբոլ ցուցադրեցին եւ 2-րդ կեսում մրցակցին սեղմել էին սեփական տուգանայինում:

7 հոկտեմբերի 2006թ. Հայաստան - Ֆինլանդիա` 0:0 Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանը վաստակեց իր առաջին միավորը: Այս խաղում արդեն ուրվագծվում էր Հայաստանի հավաքականի համարձակ խաղը: 10 հոկտեմբերի 2006թ. Սերբիա - Հայաստան` 3:0

Այս խաղում Հայաստանը անհաջող հանդես եկավ: Թերեւս սա Պորտերֆիլդի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստների ամենաանհաջող հանդիպումն էր:

15 հոկտեմբերի 2006թ. Ֆինլանդիա - Հայաստան` 1:0 Հայաստանը կրկին պարտվում է, սակայն մրցակցի նկատմամբ ունենալով բացահայտ առավելություն: 4-5 դրվագում հայ ֆուտբոլիստները պարզապես պարտավոր էին գրավել դարպասը:

14 հունվարի 2007թ. Պանամա - Հայաստան` 1:1

Շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին վերջապես գոլ է խփում: Ընկերական այս խաղում Պորտերֆիլդը փորձարկում է մի շարք նորեկների, որոնք հետագայում ամրապնդվում են հավաքականի կազմում:

7 փետրվարի 2007թ. Անդորրա - Հայաստան` 0:0 Հայաստանը անցկացնում է եւս մեկ ստուգողական հանդիպում, որից հետո Պորտերֆիլդի մոտ հայտնաբերվում է հաստաղիքի քաղցկեղ: Շոտլանդացին ստիպված է լինում որոշ ժամանակ հեռանալ հավաքականից:

2 հունիսի 2007թ. Ղազախստան - Հայաստան` 1:2

Պորտերֆիլդը վերադառնում է հավաքական: Նրան չէր կարելի է մեկնել Ղազախստան, սակայն մարզիչը անդդրվելի էր: Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանը տոնում է իր առաջին հաղթանակը:

6 հունիսի 2007թ. Հայաստան- Լեհաստան` 1:0

Հայաստանը հաղթում է ընտրական Ա խմբի առաջատար Լեհաստանին: Սա անկախացած Հայաստանի ամենամեծ ֆուտբոլային հաջողությունն էր: Երջանիկ Պորտերֆիլդը խաղից հետո խոստանում է հետագայում եւս անսահման ուրախություն պարգեւել հայ ֆուտբոլասերներին, որոնք խաղից հետո էքստազի մեջ էին:

22 օգոստոսի 2007թ. Հայաստան - Պորտուգալիա` 1:1

Հայաստանի հավաքականում Պորտերֆիլդը անցկացնում է իր վերջին հանդիպումը: Նրան դարձյալ չեն թույլատրել նստել ինքնաթիռ, սակայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խաղից 2 օր առաջ ժամանում է Երեւան եւ իր օգնականների հետ շարունակում է նախապատրաստական աշխատանքները: Հայաստանի անցկացնում է հերթական հաջող հանդիպումը եւ 2 կարեւոր միավոր խլում աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկից` Պորտուգալիայից: Խաղի հետո կայացած մամուլի ասուլիսում Պորտերֆիլդը արդեն խոսում էր դողդոջուն ձայնով եւ շատ դանդաղ էր շարժվում: Անզեն աչքով նկատելի էր, որ նրա առողջականը զգալիորեն վատթարացել է:

Սակայն մենք բոլորս հույս ունեինք, որ շոտլանդացին կհաղթահարի նաեւ այդ դժվարին փորձությունը: Ցավոք նա անկարող եղավ...