ԻՏԱԼԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Իտալիայի դեսպանատունը չի թույլատրել բասկետբոլի Հայաստանի աղջիկների մինչեւ 16 տարեկանների հավաքականին մեկնել իտալական Կետի քաղաք եւ մասնակցել Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումներին: Ավելի վաղ Մոսկվայում գտնվող Իռլանդիայի դեսպանատունը չէր թույլատրել արդեն Հայաստանի հոկեյի ազգային հավաքականին մասնակցել Իռլանդիաիյում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին:
Հայաստանի աղջիկների մինչեւ 16 տարեկանների հավաքականը առաջին անգամ պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումներին: Մարզիչ Էդիկ Վարդանյանի սաները ընդգրկված էին Դ խմբում, որտեղ մրցելու էին Գերմանիայի, Իսրայելի եւ Ռումինիայի հավաքականների հետ:
Հուլիսի 27-ին Հայաստանի մրցակիցը պետք է լիներ Գերմանիան: Սակայն Հայաստանում գտնվող Իտալիայի դեսպանատունը չի թույլատրել Հայաստանին մեկնել մրցավայր: Սկզբում դեսպատունը նույնիսկ չի պատճառաբանել մերժման պատճառը, իսկ ավելի ուշ, երբ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻԲԱ-ն անհանգստացած դիմել է Իտալիայի բասկետբոլի ֆեդերացիան, դեսպատան աշխատակիցները պարզաբանել են, թե իբր հայ աղջիկների անձնագրերը հավատ չեն ներշնչում: Մինչդեռ Հայաստանի հավաքականը հրավեր էր ստացել Իտալիայի բասետբոլի ֆեդերացիայից եւ մրցաշարի կազմկոմիտեից: Հայաստանը պարտավոր էր մասնակցել այս մրցաշարին, որը նաեւ մեծ նշանակություն ուներ կանանց բասկետբոլը Հայաստանում զարգացնելու համար:
Բասկետբոլի Հայստանի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը նշեց, որ կատարվածը մեծ հարված էր հավաքականի համար. «Մենք պարզապես ցնցված ենք, թե ինչպես կարելի է 21-րդ դարում նման որոշում կայացնել: Սա պրոֆեսիոնալ սպորտ է եւ Հայաստանը պարտավոր էր մասնակցել այս մրցաշարին, մենք չէինք գնում պարզապես զբոսնելու կամ ուսումնամարզական հավաք անցկացնելու, այլ մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, ինչպես եւ մի քանի տասնյակ պետություններ»: Հարությունյանը ընդգծեց նաեւ, որ 14-16 տարեկան աղջիկները եւս շատ են տխրել` իմանալով այս լուրի մասին. «Աղջիկները մեծ անհամբերությամբ էին սպասում մրցաշարին, քանի որ առաջին անգամ էին ուժերը չափելու արտերկրում»: