Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը կողմ էր Մեղրիի փոխանակման տարբերակին. Մանուչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ashot-Manuchar

Ի՞նչ դերակատարություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ին: Մինչև հոկտեմբերի 27-ը ի՞նչ էր տեղի ունենում «Միասնություն» դաշինքի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Աշոտ Մանուչարյանը պատմում է. «98 թվականին  Ռոբերտ Քոչարյանը նախագահ դառնալով՝ ձևավորեց մի ապարատ, որի մեջ շատ-շատերը մտան այն մարդկանցից, ովքեր արտաքին կառավարման թելադրանքն էին կատարում»: Ըստ Մանուչարյանի՝ այն բոլոր արտաքին ուժերը, որոնք ձգտում էին  Հայաստանը ենթարկել իրենց, առաջին խոշորագույն բախումը ունեցան Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան կառավարող զույգի հետ: Վերջինս Հայաստանը տանում էր լիակատար ինքնիշխանության: Մանուչարյանի պնդմամբ՝ երկրորդ բախումը տեղի ունեցավ Հայաստանին առաջարկված Մեղրիի փոխանակման տարբերակի  շրջանում. «Իրականում կործանարար տարբերակ էր, որովհետև Հայաստանը հայտնվում էր թուրքական «տոպրակի» մեջ»: Նա ասաց, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ արտահայտվեցին այդ տարբերակին, իսկ Քոչարյանը կողմ էր:  2000 թվականին մամլո ասուլիսի ժամանակ Մանուչարյանը մեղադրել է Քոչարյանին, որ քննությունից թաքցրել է հիմնական վարկածը, որ եղել է Մեղրիի փոխանակման տարբերակը: Շարունակելով՝ ասում է. «Մինչև այս օրը ինձ համար  մնում է հիմնական վարկածը, թե ի՞նչ է եղել և ինչո՞ւ է եղել»: Մանուչարյանի համոզմամբ՝ «Մարտի 1-ն» էլ բացահայտ և բացարձակ ժողովրդի ոչնչացում էր, որը ոտքի էր կանգնել, որպեսզի թույլ չտա իր հանդեպ հաստատել իրեն համար խորթ մի վիճակ: «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը սահմանափակվելու է միայն Քոչարյանով: Այդ ամբողջ գործընթացում ներգրավված են եղել հարյուրավոր մարդիկ»,- նշում է Մանուչարյանը: «Տեր-Պետրոսյանն է այդ պահին եղել ղեկավար, դրանից առաջ Ստեփան Դեմիրճյանն էր, դրանից առաջ Արտաշես Գեղամյանն էր, այսինքն՝ ես տալիս եմ անուններ, եթե շարունակեմ այս շարքը. Արթուր Բաղդասարյանն է եղել առաջնորդ և այլն»,- պատասխանում է 2008-ին ընդդիմության գործունեության մասին հարցին:  Ըստ Մանուչարյանի՝ հարցը առաջնորդը չէ. ժողովուրդը իր ընդվզման մեջ միշտ ճիշտ է: «Իսկ թե քաղաքական դասավորությունն ինչպիսին էր, ինչու այս կամ այն առաջնորդը եղավ, դա երկրորդական է: Ես ուզում եմ ասել մեկ բան՝ ժողովրդի ապստամբությունը արդար էր»,- հավաստիացնում է նա:   Մանուչարյանի խոսքով՝  մարդկանց սպանելու հրաման տվողի, կատարողների վերաբերյալ քննությունը հնարավորություն կտա վերջիվերջո շատ բաներ պարզել: Իսկ Մարտի 1-ի դեպքերից հետո շատ բաներ պարտակվել են: «Դուք պատկերացրեք թե Քոչարյանը չի արել այդ բանը, այլ արել է Լևոն Տեր-Պետրոսյանը. հիմա սպանողները բացահայտված կլինեին, կլինեին բանտերում, ցուցմունք տված կլինեին Տեր-Պետրոսյանի դեմ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կլիներ բանտում, և ամեն ինչ կլիներ տեղը տեղին: Ոչ մեկը հայտնաբերված չէ» ,- ասաց Մանուչարյանը:   Մանրամասները տեսանյութում.