Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ «ԱՐԱՐԱՏԸ» ԴԱՌՆԱ ՉԵՄՊԻՈՆ»

Սպորտ

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Երեւանի «Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

- Պարոն Սուքիասյան, Ձեր հրաժարականի մասին լուրն անակնկալ էր բոլորի համար եւ ենթադրվեց, որ պատճառը մարզական չէ, քանի որ թիմը Ձեր գլխավորությամբ բավական հաջող էր հանդես գալիս: Ո՞րն էր պատճառը:

- Նախ կուզենայի խոսել հրաշք - ֆուտբոլիստների մասին, որոնք իսկական կոլեկտիվ էին եւ լավ էին գիտակցում, թե ինչ խնդիր է դրված մեր առջեւ: Կընդգծեի մարզչական շտաբին, որի կազմում եղած բոլոր անձիք անխտիր հրաժարական տվեցին իմ հեռանալուց հետո, չնայած ես փորձում էի նրանց համոզել, որ մնան իրենց աշխատանքին: Թե բարձրագույն խմբում, թե առաջին լիգայում «Արարատը» ընթանում էր 2-րդ տեղում, կրկնակոխ հետապնդում էր մեր ֆուտբոլի հրետանուն` «Փյունիկին», որը այսօր, իրոք, ծանր հրետանի է: Եւ նման իրավիճակում մարզչական շտաբում մտցնել արտասահմանցի ինչ-որ մասնագետի, ինձ թվում է` այդքան էլ տրամաբանական չէ: Եվ դա այն դեպքում, երբ ինձ ասում են, թե թիմ պետք է գա մի սելեկցիոն մարզիչ, մի մենեջեր եւ մի անձ, որը պետք է զբաղվի «Ձորաղբյուրի» մարզաբազայի խնդիրներով: Երբ ներկայացնում են այս անձանց, հայտնում էր, որ 3-րդը մարզիչ է, որը պետք է օգնի քեզ, խորհուրդներ տա: Ինձ թվում է այդ ժամանակ ես կատարեցի այն ճիշտ քայլը, որը կաներ պատվախնդիր մարզիչը եւ մարդը. հրաժարական տվեցի:

- Կարելի՞ է ասել, թե ակումբի ղեկավարները ֆուտբոլի մասին ճիշտ պատկերացում չունեն կամ պարզապես լուրջ չեն վերաբերվում իրենց գործին:

- Նախ նրանք չպատկերացրեցին, թե ես ինչպիսի մարզիչ եմ եւ ում հետ կարելի է նման խաղեր խաղալ: Ակումբի հետ կապված նրանք ամեն ինչն էլ լավ պատկերացնում են ուղղակի, ինչպես որ ես լսել էի: Նրանք չեն ուզում, որ «Արարատը» չեմպիոն դառնա եւ սա ապացուցվեց: Չեմպիոն դառնալը մեծ գումարների հետ է կապված:

- Իսկ ակումբի ղեկավարները չփորձեցի՞ն Ձեզ հետ ընդհանուր հայտարարի գալ:

- Եթե համարձակություն ունենային, հենց սկզբում կասեին, որ Հայաստան են գործողում մարզչի օգնական, այլ ոչ է մարզաբազայի հարցերով զբաղվող անձի: Միգուցե հենց այն ժամանակ ես հրաժարական կտայի, քանի որ ինչպես արդեն ասացի` նման հաջողությունների դեպքում անթույլատրելի էր այդ մարզիչին բերելը եւ ես այն մարդը չեմ, որ դա հանդուրժեի:

- Գաղնիք չէ, որ թիմում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը Ձեր նախաձեռնությամբ էր եկել «Արարատ» եւ մեծ դժգոհությամբ ընդունեցին Ձեր հեռանալու մասին լուրը: Ըստ Ձեզ «Արարատը» կկարողանա՞ դուրս գալ նման իրավիճակից:

- Թիմում պրոֆեսիոնալ տղաներ կան, որոնց ես հաջողություն եմ ցանկանում: Շատ բան կախված է նորանշանակ մարզիչներից: Եկեք «Արարատին» հաջողություն մաղթենք:

- Վերջին տարիներին «Արարատը» անընդհատ կոնֆլիկտների մեջ էր ՀՖՖ-ի հետ, եւ ակումբի ղեկավարները անընդհատ դժգոհում էին, թե իրենց աշխատանքին խոչընդտուոմ են: Կատարվածը փաստորեն ցույց է տալիս, որ իրականում նրանք են խոչընդոտում թիմի հաջողություններին:

- Մեզ միշտ ասում էին, որ իրենք իրենց սխալները ուրիշների մեջ են ուզում փնտրել եւ այդպես էլ եղավ: Երբ ֆեդերացիան եւ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը առաջարկեցին ինձ ներգրավել ազգային թիմի աշխատանքների մեջ, նրանք («Արարատի» ղեկավարները – խմբ.) կտրականապես դեմ արտահայտվեցին: Երեւի սա էլ ինչ-որ սառնություն ստեղծեց իմ եւ հովանավորների միջեւ: Բայց ես ծնված եմ ոչ մի ակումբի համար, այլ ծնված եմ աշխատելու հայկական ֆուտբոլի համար: Ինչպես տեսաք մեկ տարվա մեջ ազգային հավաքականի 3 խաղացողներ տվեցինք: Այնպես որ ես ամաչելու ոչինչ չունեմ: Տեսեք, թե այսօր ազգային թիմում քանի ֆուտբոլիստներ կան, որոնք իմ թիմերի տղաներն են:

- Իսկ ֆուտբոլային հասարակությունը ինչպե՞ս արձագանքեց Ձեր հրաժարականին:

- Բոլորը ասում են, որ շատ ճիշտ քայլ եմ արել եւ կշեռքի նժարը իմ կողմն է: - Դուք բազմաթիվ ակումբներ են գլխավորել, սակայն ակնհայտ էր, որ «Արարատում» Ձեր ուսերի ծանրությունը ավելի մեծ էր:

- Բոլոր թիմերում իրենց բարդությունները եղել են: Եթե կոնկրետ «Արարատի» հետ կապված իմ դժվարությունները շարադրեմ երեւի մի թերթ չհերիքի: Օրինակի համար վերցնենք, թե շատ դեպքերում ինչպիսի պայմաններում ենք նախապատրաստվել մյուս թիմերի հետ հանդիպումներին: Բայց շնորհակալություն տղաներին, որ հավատացին ինձ, ես ել նրանց, իսկ գնահատական պետք է տաք Դուք եւ մարզասերները, մասնագիտական աշխարհը:

- Այժմ ի՞նչ է պատրաստվում անել Վարուժան Սուքիասյան մարզիչը:

- Որոշակի ծրագրեր կան, բայց այսօր առաջին հերթին այդ հրաշք տղաներից բաժանվելու փուլն է, որը մի քիչ վատ եմ տանում: Որովհետեւ տղաները ուրիշ տղաներ էին:

Զրուցեց Արթուր Նազարյանը