ՕԳՆԵՑ ՄԱՐԶՉԻ ՎՍՏԱՀՈւԹՅՈւՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի եւ Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը ընթացիկ մրցաշրջանի հայտնությունն է:
Այս ֆուտբոլիստը շատերին էր անծանոթ, սակայն հանկարծ հայտնվեց Հայաստանի հավաքականում եւ 2 հանդիպում անցկացրեց ազգային թիմում ու իր անմիջական մասնակցությունը ունեցավ հաղթական հանդիպումներում:
«Մանկուց սիրել եմ ֆուտբոլը. սկզբում եղբայրս` Արմանն էր հաճախում ֆուտբոլի, իսկ ես հետեւում էի նրա խաղին: Աստիճանաբար ցանկություն առաջացավ, որ ես ինքս էլ զբաղվել ֆուտբոլով: Անկեղծ ասած, սկզբում ծնողներս դեմ էին, եւ ի վերջո Աբովյան քաղաքում սկսեցի եղբորս հետ հաճախել մարզումների:
Այնտեղից տեղափոխվեցինք «Բանանց-2», ապա «Կոտայք-2», որտեղից էլ «Կոտայքի» գլխավոր թիմ: Այստեղ մարզչի հետ խնդիրներ եղան եւ հեռացանք: Տեղափոխվեցի «Արարատ», մոտ 6 ամիս չմարզվեցի, որից հետո նորից սկսեցի ելույթներս», - պատմում է Վահագնը:
Փաստորեն, նման ընդմիջումից հետո վերադառնալով ֆուտբոլ՝ Մինասյանին հաջողվել է ոչ միայն ունենալ իր տեղը «Արարատում», այլեւ ընդգրկվել ազգային հավաքականում: Ըստ Մինասյանի, ամենակարեւոր գործոնը «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի վստահությունն էր. «Բնական է, երբ վստահում են քեզ, դա նոր ուժ է տալիս: Ես ել փորձեցի ամեն կերպ արդարացնել այդ վստահությունը եւ որոշակի հաջողությունների հասա»:
«Արարատի» ֆուտբոլիստի կարիերայում մեծ ազդեցություն է ունեցել նաեւ այն, որ նրա եղբայրը եւս ֆուտբոլիստ է. «Եղբարս հարձակման գծում էր խաղում եւ բավական հաջող: Ելույթ է ունեցել նաեւ երիտասարդական հավաքականում: Նա միշտ ինձ խորհուրդներ է տալիս, որոնք շատ օգտակար են ինձ համար: Ընդհանրապես ես ընդունում եմ օբյեկտիվ քննադատություն եւ միշտ լսում եմ այն: Այժմ եղբայրս ասպարեզում չէ, եւ միայն իմ հաջողություններով է ուրախանում»:
Մինասյանը ֆուտբոլից բացի հետաքրքրվում է նաեւ այլ մարզաձեւերով. «Ընդհանրապես, բոլոր մարզաձեւերի մրցումներին էլ հաճույքով եմ հետեւում: Հատկապես հետաքրքրություն են առաջացնում օլիմպիական խաղերը: Հետեւում եմ շախմատիստ Լեւոն Արոնյանի ելույթներին, որը միշտ բարձր է պահում մեր ազգի պատիվը: Ինքս շախմատ լավ չեմ խաղում, բայց որոշ չափով գլուխ հանում եմ»: