Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Սարգսյանի հանդիպումները Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
99999999

Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի ղեկավարության հրավերով ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց Ստարա Զագորա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ մարզպետ Գերգանա Նիկովայի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա առևտրատնտեսական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության նշանակությունը երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում: Ընգծվեց, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի, կրթամշակութային և զբոսաշրջության բնագավառներում ՀՀ Արագածոտնի և ԲՀ Ստարա Զագորայի մարզերի միջև համագործակցության հաստատման կարևորությունը: Այս համատեքստում դեսպան Սարգսյանն ու Ստարա Զագորայի մարզպետն արձանագրեցին, որ մեկ տարի առաջ կայացած իրենց առաջին հանդիպումից հետո իրականացված քայլերի արդյունքում Արագածոտնի և Ստարա Զագորայի մարզպետարանների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջինիս պատվիրակության՝ 2019թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելելու մասին: Ակնկալվում է, որ այցի ընթացքում կստորագրվի երկու մարզերի միջև բարեկամական կապեր հաստատելու մասին հուշագիր: Հանդիպման ընթացքում դեսպան Սարգսյանն իր զրուցակցին համառոտ ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները: Նույն օրը երեկոյան դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց Ստարա Զագորայի Օպերայի և բալետի 49-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը և Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի պրեմիերային: Ներկայացումը բեմադրել է Հայաստանի բալետային դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը՝ Արշակ Ղալումյանը, ով վերջին տարիներին հանդիսանում է Բեռլինի «Շտատսբալետի» մենակատարն ու բալետմեյստերը: Խոսելով Բուլղարիայում իր հետագա ստեղծագործական ծրագրերի մասին՝ բալետի անվանի դերասանը նշեց, որ մոտ ապագայում նախատեսում է շարունակել իր աշխատանքները Ստարա Զագորայի բալետում, ինչպես նաև Սոֆիայի հայտնի բալետային համույթներից մեկի հետ նոր բեմադրություններ իրականացնելու ուղղությամբ: «Դոն Կիխոտ» բալետի պրեմիերան ունեցավ մեծ հաջողություն: Երաժշտական քննադատների ու մասնագետների կարծիքով այն կդասվի Բուլղարիայում բեմադրված լավագույն բալետների շարքին: