Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրականության ինստիտուտի խնդիրների մասին կիմացվի առաջիկա ընտրություններից հետո»

Հասարակություն
devrikyan

Նոյեմբերի 30-ին կնշվի Գրականության ինստիտուտի 75-ամյակը։ Ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանն այսօր ներկայացրեց ինստիտուտի արած եւ անելիք աշխատանքները: Տնօրենի խոսքով, ինստիտուտն այսօր աշխատում է հայ գրականության պատմության եւ հայ դասականների երկերի գրականության հատորյակների վրա. «Նաեւ աշխատում ենք Ավետիք Իսահակյանի երկերի ժողովածուի վրա: Ավարտել ենք Լեւոն Շանթի երկերի ամբողջական հատորյակի աշխատանքները։ Արեւելյան Եվրոպայի հայ գրականության մասին բանահյուսական գրառումները պետք է հրատարակենք, որը գիտական կարեւորություն ունի։ 2019թ պետք է նշենք Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյակները»։ Գրականության ինստիտուտի խնդիրներին Դեւրիկյանն այսօր քիչ անդրադարձավ, խոստանալով բարձրաձայնել դրանք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: «Ինստիտուտը ունի ֆինանսական խնդիրներ, տպագրական խնդիրներ , պետությունը ֆինանսավորում է ուսումնասիրություները, բայց տպագրության համար փող չի հատկացնում, դիմում ենք գիտության պետական կոմիտեին ֆինանսավորման համար: Մինչ այժմ տպված բոլոր աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ է եղել»,-«Ա1+»-ի հարցին պատասխանելով նշեց Վարդան Դեւրիկյանը: «Ա1+»-ը հետաքրքրվեց նաեւ՝ արդյո՞ք Գրականության ինստիտուտից կան պատգամավորության թեկնածուներ: «Գրականության ինստիտուտում չկան պատգամավորության թեկնածուներ, ակտիվ քաղաքական մի քանի դեմքեր կան, ավելի շատ՝ հասարակական: Ես չէի ցանկանա լինել ԱԺ-ում, գիտության ոլորտի իմ գիտելիքները շատ են եւ ափսոս են։ Ընդհանրապես, գիտության անդամները ցավոք հետխորհրդային Հայաստանում դիտվում են որպես սոցիալական զանգված: Ակնկալիքներ ունեմ թե՛ նոր ԱԺ-ից, թե՛ Կառավարությունից: Ակնկալում եմ, որ հստակ խնդիրներ կդնեն գիտության առջեւ, որ կամ անում ենք կամ փակում ենք։ Ընտրություններից հետո ավելի հստակ կասեմ ինչ խնդիրներ կան, գիտության առջեւ պետք է հստակ խնդիրներ դրվեն եւ լուծվեն»,-եզրափակեց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը: