«ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԽՏԸ ՄԵՐ ԿՈՂՄՆ ԷՐ»
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի «Գանձասարը», 3:2 հաշվով հաղթելով «Բանանցին», հնարավորություն ստացավ Հայաստանի առաջնությունում պայքարել բարձր հորիզոնականների համար: Թիմի հաջողությունը հիմնականում կապվում է գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի հետ: «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը, մոտ 1 ամիս առաջ աշխատանքի անցնելով «Գանձասարում», շատ բան փոխեց ակումբում, որը արդեն հավասար պայքար է մղում ֆավորիտների հետ:
«Մենք ֆուտբոլիստների խնդիրներ շատ ունենք, սակայն խաղից առաջ տրամադրվել էինք, որ եթե հաղթենք, ապա հնարավորություն ենք ունենում մոտենալ քառյակին: Մարզական բախտը մեր կողմն էր: Տղաներին շնորհակալություն եւ կարող եմ ասել, որ նրանք մի բան էլ ավել արեցին», - նշեց Պետրոսյանը «Բանանցին» հաղթելուց հետո: Փորձառու մասնագետի հավաստմամբ` «Գանձասարի» հովանավորները մտադիր են Կապանում զարգացնել ֆուտբոլը եւ ընդհանրապես սպորտը. «Բոլոր հնարավորությունները ունենք ուժեղ թիմ ստեղծելու: Արդեն սկսվում է «Գանձասարի» մարզադաշտի կառուցումը, որը կլինի եվրոպական չափանիշներին համապատասխան»:
Սամվել Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ «Գանձասարի» գլխավոր ռմբարկու Արթուր Քոչարյանը այս խաղում բացակայում էր, քանի որ հայրն է մահացել: «Բանանցի» գլխավոր մարզիչ Յան Պոշտուլկան գտնում է, որ իր թիմը պարտվեց պաշտպանների անփույթ խաղի պատճառով. «2-րդ կեսում մենք 2 կոպիտ սխալ թույլ տվեցինք եւ մրցակիցը պատժեց մեզ: Դրանից հետո լավ խաղ ցուցադրեցինք եւ նույնիսկ կարող էինք հաղթել, սակայն մեծ դժվարությամբ հաշիվը հավասարեցնելուց հետո չգիտեմ ինչպես գոլ բաց թողեցինք: Մրցակիցը լավ էր խաղում եւ մարզական բախտը այսօր նրա կողմն էր: Մենք կադրային խնդիրներ ունեիք հատկապես պաշտպանական գծում, բայց դա անհաջողության արդարացում չէ»: