Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՍԿԱԿԱՆ ՖՈւՏԲՈԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայասատանի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին խիստ ընկել է: Դրա վառ ապացույցը դատարկ տրիբուններն են, որոնց ականատեսը կարելի է լինել առաջնության հանդիպումների ընթացքում: Ֆուտբոլասերները հիասթափված են, քանի որ չկա դիտարժան պայքար, որակյալ ֆուտբոլ:

Սակայն, հուլիսի 5-ին կայացած «Փյունիկ» - «Արարատ» (3:4) հանդիպումը բացառիկ կարելի է համարել, քանի որ այն ոչ մի ընդհանուր բան չուներ նախորդ տարիներին ստեղված տխուր պատկերի հետ: Այս խաղին ներկա գտնված մոտ 2000 ֆուտբոլասերները, վերադառնալով իրենց ընտանիքներ, իրոք հպարտորեն կարող էին ասել, որ ֆուտբոլ էին գնացել եւ իզուր չվատնեցին այդ 2 ժամը:

Այս խաղում տեղի ունեցած լարված պայքարը, ֆուտբոլիստների անմնացորդ նվիրումը եւ մտածված գործողությունները պետք է օրինակ ծառայեն նաեւ մեր մյուս ակումբների համար, որոնց հանդիպումներին միայն խաղացողների ամենամոտ հարազատներն են ներկա գտնվում եւ 5-6 լրագրողներ: «Փյունիկ» - «Արարատ» խաղի պես հանդիպումներ են անհրաժեշտ, որ հայ ֆուտբոլասերը սկսի հետաքրքրվել ակումբային ֆուտբոլով եւ որոշակի պատկերացում կազմի նրա մասին:

Իսկ ինչպե՞ս հաջողվեց կողմերին նման դրամատիկ եւ լարված խաղ ցուցադրել: Առաջին հերթին պետք է նշել, որ թե «Փյունիկում», եւ թե «Արարատում» մեծ թիվ են կազմում որակյալ ֆուտբոլիստները: «Փյունիկը» ընդհանրապես վերածվել է Հայաստանի հավաքականի, քանի որ այնտեղ են հանդես գալիս ազգային թիմի 8-9 ֆուտբոլիստներ, իսկ «Արարատում» ելույթ են ունենում հավաքականի 2-3 թեկնածուներ եւ բրազիլացի լեգեոներներ, որոնցից Մարկոսը լավագույնն է ընթացիկ առաջնությունում: Այս ֆուտբոլիստների կողքին իրենց ողջ հնարավորություններն են ցուցադրում նաեւ այն երիտասարդները, որոնց վստահում են գլխավոր մարզիչները եւ մեծ հույսեր կապում:

Ուրախալի է նաեւ, որ Հայաստանի առաջնությունում կրկին սրվեց պայքարը 1-ին տեղի համար: Նախորդ 6 առաջնություններում «Փյունիկը» մեծ առավելությամբ չեմպիոն էր դարձել, իսկ ընթացիկ առաջնությունում «Արարատը» հնարավորություն ունեցավ կանգնեցնել «Փյունիկի» հաղթարշավը: Այժմ «Փյունիկը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» վաստակել է 25 միավոր: Սակայն Վարուժան Սուքիասյանի սաները 1 հանդիպում քիչ են անցկացրել, եւ այն հաղթանակով ավարտելու դեպքում կհավասարվեն առաջատարին: