«Ամեն ինչ չէ, որ ցուցադրվել է զորահանդեսի ժամանակ» (տեսանյութ)
«Իսկանդեր, Սկադ զինատեսակները ցույց տալով Հանրապետության հրապարակում՝ Ադրբեջանին հասկացրեցինք այն, ինչ նա արդեն հասկացավ», - ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նրա՝ Հայաստանը քաղաքական առավելություն է ստանում նման զինատեսակներ ձեռք բերելով. «Սա կարող է ազդել նաև Արցախի շուրջ իրավիճակի վրա: Ամեն ինչ չէ, որ ցուցադրվել է զորահանդեսի ժամանակ»: Սկադ համակարգերը կարող են հասնել մինչև Ադրբեջանի խորքերը. «Կարող են վերացնել երկրի երկու երրորդը, և սա լավ հասկանալով՝ Ադրբեջանի ղեկավարությունը լուրեր է տարածում, թե այդ զենքերը Հայաստանին չեն պատկանում»: Իսկ որքանով է նախկին նախարարը վստահ, որ Ռուսաստանը մշտապես կողմնակից լինելով տարածաշրջանում բալանսի պահպանմանը, Հայաստանին վաճառելով գերհզոր այսպիսի զենքեր, Ադրբեջանին էլ չի տվել այս համակարգերի դեմ պաշտպանունակություն ունեցող միջոցներ. «Կարող ենք վստահ լինել, քանի որ Ռուսաստանին ձեռնտու չէ այս տարածաշրջանում պատերազմը: Այդպիսի միջոցներից է Ս 400-ը, որը Ռուսաստանը որևէ մեկին չի վաճառում»: Իսկ եթե Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը լավագույնն է տարածաշրջանում, ինչո՞ւ Հայաստանը գնաց Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելուն. «Մեր հակաօդային պաշտպանությունը հզոր է, քանի որ 92 թվականից սկսած մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք այս հարցում: Մենք Ռուսաստանից բերեցինք Ս 300, մեր մասնագետներն անվճար սովորում են Ռուսաստանում»: Այս զենքերը չօգտագործվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ. «Եթե մենք սխալ թույլ տայինք, հայկական բանակը մտցնեինք Արցախ, եթե սառնասրտություն չդրսևորվեր, և զորքերը շարժեին դեպի Ադրբեջան, կսկսվեր լայնածավալ պատերազմ»: