Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

«Ֆուլ հաուս»-ն արդեն էկրաններին. գեղարվեստական ֆիլմը վայրէջք կատարեց

Կարմիր գորգի վրայով այսօր անցնում էին  «Ֆուլ հաուս» սիթքոմից հայտնի դերասաննեերը։

«Մոսկվա» կինոթատրոնում, տեղի ունեցավ «Ֆուլ հաուս. Վայրէջք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։

Ռեժիսոր Կարեն Ամյանի նոր ֆիլմի գործողությունները ծավալվում են յոթ տարի շարունակ հեռուստաեթերում ցուցադրված «Ֆուլ հաուս» սիթքոմի կերպարների շուրջ։

Սակայն, ինչպես նշեց ֆիլմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ստեղծագործական թիմը նպատակ չի ունեցել սիթքոմը նույնությամբ տեղափոխել մեծ էկրան։

Նրա խոսքով՝ «Ֆուլ հաուս. Վայրէջք»-ը ինքնուրույն ֆիլմ է՝ նոր սցենարով, որը չի կրկնում սիթքոմի բովանդակությունը։

Ֆիլմի սցենարի վրա աշխատանքները, ըստ սցենարի հեղինակ Գրիգոր Դանիելյանի, իրականացվել են մի քանի փուլով։

«Սցենարն ունեցել է վեց դրաֆտ, այսինքն՝ մենք մի քանի անգամ աշխատել ենք դրա վրա, որպեսզի այն դուր գա բոլորին և ընդունելի լինի բոլորի կողմից ։ Կարծում եմ՝ մենք հաջողել ենք, իսկ վերջնական գնահատականը կստանանք արդեն հանդիսատեսից և նրա արձագանքից»,- ասաց նա։

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ֆիլմի գլխավոր ասելիքը սերն է։

«Եկեք ֆիքսենք այս մեծ գաղափարը, որովհետև այն այսօր շատերի կյանքում տոտալ բացակայում է։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, եթե մարդիկ սիրում են իրար, հարգում են միմյանց և միասին են, նրանք կարող են հասնել ամեն ինչի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը։ Եկեք, որպես ամփոփում, ֆիլմի համար ընտրենք այս բառերը՝ սեր, հոգատարություն, համախմբվածություն, ընկերություն»,- հավելեց պրոդյուսերը։

Ֆիլմի ռեժիսորն է Կարեն Ամյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Արմեն Պետրոսյանը, սցենարիստները և գլխավոր դերակատարներից են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը։

Ֆիլմում խաղում են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիսյանը ։

«Ֆուլ հաուս. Վայրէջք» գեղարվեստական ֆիլմն այսօրվանից կցուցադրվի Երևանի և Հայաստանի այլ քաղաքների կինոթատրոններում։