Քրիստոնեական միասնության աղոթք Հայաստանի և Հայոց Եկեղեցու համար
Աջակցիր «Ա1+»-ին2026թ. հունվարի 18-25-ը Բուխարեստում կազմակերպվեց ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթ, որի կարգախոսն էր Սուրբգրային հետևյալ համարը. «Մեկ մարմին և մեկ Հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց» (Եփես․ 4, 4)։
Այս տարվա աղոթքները նվիրված էին Հայաստանին և Արցախին, մեր Հայրենիքից ներս խաղաղության հաստատմանը՝ որպես հիմք ունենալով Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի Արևագալի ժամերգությունը։ Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից կազմակերպված աղոթքի այս շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում քրիստոնյաներն իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու և քրիստոնեական բոլոր եկեղեցիների միասնության համար։
Բուխարեստում Էկումենիկ աղոթքի շաբաթին մասնակցում էին Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ Եկեղեցին, Ռոմանո-Կաթոլիկ, Գրեկո-Կաթոլիկ, Լութերական Ավետարանական, Կալվին Բողոքական, Անգլիկան և Մարոնիտ եկեղեցիները:
Հունվարի 22-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ ,,Սրբոց Հրեշտակապետաց,, Մայր Տաճարում, որին ներկա էին Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը, Վատիկանի ներկայացուցիչ Ջիամպիերո Գլոդերը, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Աուրել արքեպիսկոպոս Պերկըն, Գրեկո-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Միխայ եպիսկոպոս Ֆրըցիլը, Լութերական Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք, Նորին Սրբություն Դանիելի ներկայացուցիչ Աուգուստին վարդապետ Կոմանը, Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, Հունգար Լութերական եկեղեցու ներկայացուցիչ Մարտոն Իլիեշը, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Նեվսկի քահանա Էվերետը, Մարոնիտ եկեղեցու ներկայացուցիչ Աբդո քահանա Դահերը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հավատացյալներ, տաճարական ասպետներ:
Միասնական աղոթքից հետո թեմակալ առաջնորդ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն իր խոսքում անդրադարձավ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակին, ի մասնավորի Ադրբեջանի և Թուրքիայի վարած ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությանը, որի հետևանքով պատմական Արցախ աշխարհը հայաթափվեց և շուրջ 120․000 հայորդիներ դարձան գաղթականներ։ Սրբազանն անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու և հոգևորականաց հանդեպ բռնաճնշումներին՝ այն համեմատելով ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումների հետ: Թեմակալ առաջնորդը շնորհակալություն հայտնեց ռումին պետությանը և բոլոր եկեղեցիների ներկայացուցիչներին, հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն մշտապես սատարելու համար՝ մասնավոր անդրադարձ կատարելով գաղթական դարձած արցախահայության համար եկեղեցիների կողմից կատարված հանգանակություններին և մեծապես աջակցությանը։
Խոսքով հանդես եկավ նաև Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը՝ խոսելով քրիստոնեական եկեղեցիների միասնությունը հնարավոր դարձնելու 4 անհրաժեշտ քայլերի մասին։
Հունվարի 23-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Լութերական Ավետարանական եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի հայոց թեմի: Սրբազան Հայրն անդրադարձ կատարեց այս տարվա կարգախոս և նշանաբան ընտրված Սուրբգրային հատվածին՝ մասնավորապես նշելով. ,,Մեր քրիստոնեական հույսը մարդկային ցանկություն չէ, այլ վստահություն՝ Քրիստոսի խոստումով. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ․ ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14, 27)։ Այս տագնապալի ժամանակներում, երբ պատերազմներն ու բռնությունները ցնցում են աշխարհը, երբ տեղահանությունների պատճառով խեղվում են միլիոնավոր ճակատագրեր, քրիստոնյան պիտի դառնա իր իսկական կոչումին՝ լինելու «խաղաղություն արարող» (Մատթ. 5, 9) ոչ միայն խոսքով, այլ առավել ևս գործով։ Եսային մարգարեի տեսիլքը խաղաղության վերաբերյալ մեր առաքելության շունչն է. «Իրենց սուսերներից խոփերու պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ» (Եսայի 2, 4)։ Այս վկայությունը մեզ մղում է խաղաղություն կերտելու մարդկային սրտերից ներս, մեր ընտանիքների, համայնքների և հասարակության մեջ։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իր հոգում կրելով դարերի փորձությունների և տոկունության հիշողությունը, գիտի, թե որքան թանկ է խաղաղությունը և որքան փխրուն է հույսը, երբ այն հարձակման է ենթարկվում անարդարորեն: Հայ ժողովրդի պատմական փորձը, որը սովորեց նույնիսկ տառապանքի մեջ պահպանել իր հավատքը և իր ինքնությունը, լույս է դառնում բոլոր նրանց համար, ովքեր խաղաղություն են փնտրում: Այն մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական հույսը չի կարող ոչնչացվել պատերազմներով, աքսորներով կամ ժամանակի ընթացքով, քանի որ այն բխում է Քրիստոսի Հարության լույսից։ Այս Էկումենիկ աղոթքի շաբաթվա ընթացքում եկեք միասին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված՝ խնդրելով խաղաղություն հակամարտության մեջ գտնվող երկրների համար, մխիթարություն տեղահանվածներին և գաղթականներին, իմաստություն առաջնորդներին, ուժ բոլոր նրանց, ովքեր աշխատում են իրենց մերձավորների բարօրության համար, փոխհանդուրժողություն, սեր և միասնություն Քրիստոսի եկեղեցիների և ազգությունների միջև,,:
Էկումենիկ աղոթքի շաբաթն ավարտվեց հունվարի 25-ին, Ռումին Ուղղափառ Եկեղեցում, ուր Բուխարեստի քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները մասնակցեցին երեկոյան ժամերգության։ Իր բացման խոսքում Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական փոխանորդ Պաիսիե եպիսկոպոս Սինաիտուլը դարձյալ անդրադարձավ Հայաստանին, Հայոց Եկեղեցուն, խոսեց հայ ժողովրդի կյանքում եկեղեցու ունեցած դերակատարության մասին։
Յուրաքանչյուր օր, բոլոր եկեղեցիների ներկայացուցիչներն իրենց խոսքում անդրադարձան Հայ Եկեղեցուն, Հայաստանին և Արցախին՝ աղոթելով աշխարհում խաղաղության համար։
Ողջ շաբաթվա ընթացքում Տաթև Սրբազանին ուղեկցում էին արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկան, արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանը և արժ․ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյանը։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան