«Հայաստանը չի մասնակցել քոչվորների խաղերին». Արտավազդ Նալբանդյան (տեսանյութ)
Հայաստանի մասռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը եւ նրա սաները ակամայից հայտնվել են խիստ քննադատության տակ: «Մենք սեպտեմբերի 1-4-ը Իսիկ-Կուլում մասնակցել ենք մասռեսթլինգի աշխարհի 2-րդ առաջնությանը, սակայն հայկական լրատվամիջոցներն այդ մրցումները ներկայացրել են որպես քոչվորների համաշխարհային խաղեր, ինչի արդյունքում մեծ աղմուկ են բարձրացրել ԶԼՄ-ները, ավելին, որոշները անձնական վիրավորանքներ են հասցրել մեր մարզիկներին», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատահել, որ մեր մասռեսթլինգիստերը հայկական եռագույնով մասնակցել են «Քոչվորների համաշխարհային խաղերի» բացման առաջնությանը, Արտավազդ Նալբանդյանն ասաց. «Աշխարհի առաջնության ժամանակ նույն վայրում պետք է մեկնարկեր քոչվորների 2-րդ խաղերը: Մեզ առաջարկեցին մասնակցել բացման արարողությանը որպես հյուրեր: Մենք այնտեղ չենք մասնակցել այդ խաղերի որեւէ մրցման, պարզապես մասռեսթլինգի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Քոչվորների համաշխարհային խաղերի ղեկավարության հետ եւ այս անգամ որոշել էր աշխարհի առաջնությունն անցկացնել այդ խաղերին զուգահեռ», - փորձեց պարզաբանել մեր ֆեդերացիայի նախագահը: Արտավազդ Նալբանդյանը հավելեց, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը տեղյակ է եղել իրենց աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին եւ որեւէ կերպ չի խոչընդոտել: