Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Ջուլֆալակյանը Ռիո-2016-ում եւս մեկ ոսկե մեդալ էր ակնկալում (տեսանյութ)

Սպորտ
sport-hunahromeakan

«Մենք կոնկրետ փաստեր չունենք այն մասին, որ Ռիո-2016-ում Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի ժամանակ ինչ-որ ուժեր են ազդել մենամարտի ընթացքի վրա: Սակայն կողմ ենք ՀԱՕԿ-ի որոշման հետ, որը ցանկանում է Լոզանի սպորտային վերաքննիչ դատարանում բողոքարկել մրցամարտը: Մեր նպատակը ոչ թե ոսկե մեդալը վերադարձնելն է, այլ այն, որ գալիք մրցաշարերում մրցավարներն ավելի օբյեկտիվ վերաբերվեն մեր հավաքականին», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Անվանի մասնագետը նաեւ ավելացրեց, որ նախկինում կողմնակալ մրցավարության պատճառով տասնյակ մեդալներ են կորցրել մեր ըմբիշները, սակայն իրենք երբեք չեն բողոքարկել, որովհետեւ մտածել են, որ դրանք միտումնավոր չեն եւ ժամանակի հետ ամեն ինչ կհարթվի: Անդրադառնալով Ռիո-2016-ի արդյունքներին՝ Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ լիովին բավարարված կլիներ, եթե իր սաները նվաճեին ոչ թե մեկ, այլ մի քանի ոսկե մեդալ. «Բոլորս կարծում էինք, որ լավ կարող է հանդես գալ նաեւ Արսեն Ջուլֆալակյանը, որն անպայման պետք է պայքարեր ոսկե մեդալի համար: Սակայն 75 կգ քաշային կարգում սայթաքում ունեցանք, ինչն անհասկանալի էր մեր համար եւ ցավալի: Սակայն Արսեն Ջուլֆալակյանը չի հիասթափվել այդ անհաջողությունից եւ չի պատրաստվում թողնել ըմբշամարտը: Ճիշտ է, նրա տարիքը փոքր չէ մեր մարզաձեւի համար, սակայն ճիշտ աշխատանքի դեպքում նա դեռեւս կարող է մեդալներ նվաճել խոշոր մրցումներում», - եզրափակեց Լեւոն Ջուլֆալակյանը: