«ԵԽԽՎ հայտարարությունը կապված է Սարսանգի բանաձևի հետ»
«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը ԵԽԽՎ-ում ներկայացված երկու հակահայկական բանաձեւերի արդյունքն է, որից միայն մեկն ընդունվեց»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը, թե «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացրած տարածքներից», ուղիղ կապ ունի ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին բանաձեւի ընդունման հետ:
«Այս այլանդակ իրավիճակի համար մեղավոր է նաեւ մեր պատվիրակությունը»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ բանաձևի ընդունումից հետո կարելի էր կանխատեսել Ադրբեջանի քայլերը: «Մարտակերտը շատ մոտ է Սարսանգին, եւ ադրբեջանցիները մեկ օրով վերցրեցին Մարտակերտի դիրքը: Ճիշտ է, մենք շատ արագ հետ վերցրեցինք այն, բայց թանկ գին վճարեցինք դրա դիմաց: Ադրբեջանի այս քայլերը լավ մշակված սցենարով են ընթանում, որի հիմքերը ԵԽԽՎ-ում ներկայացված այդ երկու զեկույցներին էին, որոնք պետք է ապահովեին այս գործողությունների իրավական կողմը»: