«Հեռացնել հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից». ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով կողմերին հարգել հրադադարը և վերադառնալ խաղաղ կարգավորման բանակցություններին, ապա ավելացրել. «Կոչ եմ անում հեռացնել ողջ հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»: «Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների մասին հրապարակումներով ու խորապես տխրել եմ մարդկային կյանքի կորուստների համար»,- ասել է Ագրամունտը: Հիշեցնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս ստանձնել են ԼՂ հակամարտությունը միայն խաղաղ միջոցներով լուծելու պարտավորությունը, Պեդրո Ագրամունտը երկու երկրների կառավարություններին կոչ է արել զերծ մնալ բռնություններից և ողջունել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունները «միակողմանի դադարեցնելու» հայտարարությունը: