Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը՝ գազի գնի եւ պետական պարտքի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղյակ չէ, թե որքանով է  իջնելու ՀՀ ներմուծվող ռուսական գազի գինը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին պարոն Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե ՀՀ նախատեսված ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում գազի եւ բենզինի գինը 10 դրամով կիջնի, մինչդեռ ՀՀ-ն ԵՏՄ անդամ լինելով՝ ավելի էժան պետք է լինի, նաեւ ավելացրեց. «Ես չեմ կարող ՌԴ վարչապետի փոխարեն հիմա ինչ-որ բաներ ասել, առավելեւս, երբ բանակցությունները դեռ տեղի չեն ունեցել»: Արդյոք նախարարը տեսնո՞ւմ է հնարավորություն, որ առաջիկայում գազի ու բենզինի գներն իջնեն. «Հնարավորություն միշտ կա, իրատեսակա՞ն է, թե ոչ, սրան պետք է պատասխանել, համենայնդեպս կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, որ այդ հիմնարար ապրանքատեսակների մասով գոնե կարողանանք որոշակի նվազեցում ապահովել, որ հայկական ապրանքների ու ծառայությունների մատուցման ինքնարժեքը էականորեն նվազեցվի եւ ինքն ավելի մրցակցային դառնա: Շատ ավելի կարեւոր է նաեւ տեխնոլոգիական նորարությունները երկրում, որ արտադրողականություն բարձրանա: Մեր երկրում այսօր արտադրողականության խնդիր ունենք՝ մեկ աշխատողի բաժնով չափազանց մեծ ծախս է բաժին ընկնում: Դա չի կարող մրցակցային առավելություն ապահովել մեզ համար»: ՀՀ Վիճակագրական ազգային ծառայությունը հրապարակել է արտաքին պարտքի վերաբերյալ տվյալներ, ըստ որի՝ այն կազմում է 5 մլրդ 120 մլն դրամ եւ միայն երկու ամսվա ընթացքում այն աճել է 34 մլն ԱՄՆ դոլարով: Բացի այդ, այս տարվա առաջին երկու ամիսներին հավաքագրված հարկերը 2 տոկոսով կամ 3 մլրդ դրամով ավելի քիչ են հավաքվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Արծվիկ Մինասյանը կոչ արեց մտահոգությունը զուգակցել դրական զարգացումների հետ. «Հարցադրումը պետք է դրվի հետեւյալ կերպ՝ ինչպե՞ս են դրանք ծախսվում: Այստեղ մենք արդյունավետության բարձրացման խնդիր ունենք եւ, կարծում եմ, միայն պետական պարտքով չպետք է առաջնորդվել՝ համախառն պարտքն էլ պետք է դիտարկել: Մենք այստեղ կապիտալի շուկաների զարգացման խնդիր ունենք, պարտքը բաժնեմասի փոխարինելու մեխանիզմների զարգացման խնդիր մենք պետք է դնենք, որպեսզի բեռը տնտեսության վրա շատ չլինի»: