Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ ջեռուցվող շինություններ՝ այգու կենդանիների համար

Հասարակություն
kend

Երևանի կենդանաբանական այգու կենդանիներն այլևս չեն մրսում: Նախորդ տարի իրականացված աշխատանքների շնորհիվ կառուցվել են կենդանիների ձմեռային խնամքն ապահովող մի քանի նոր, ժամանակակից մեխանիզմներով ջեռուցվող շինություններ: Ձեռք են բերվել նաև ինֆրակարմիր հզոր լամպեր, որոնք հնարավորություն են տալիս ժամանակավոր տեղային լուծում տալ հին ձմեռանոցները ջեռուցելու խնդրին: Ի՞նչ կերպ է ձմռան շրջանում իրականացվում  կենդանիների խնամքը. «Ձմռանը կենդանիներից յուրաքանչյուրը` կախված տեսակի առանձնահատկություններից, տարբեր խնամքի կարիք են ունենում: Կան տեսակներ, որոնք տարվա այս եղանակին դրսում են, մյուսների համար այգին առանձին ձմեռանոցներ ունի: Ցավոք, այգու կառուցվածքը դեռևս հնարավորություն չի ընձեռում ցուցադրել ձմեռանոցում գտնվող կենդանիներին: Միակ բացառությունը Կատվային լեմուրներն են, որոնց այցելուները կարող են հետևել նաև իրենց ձմեռային ազատավանդակում: Ձմռանը կենդանիների սննդակարգը փոփոխվում է: Յուրաքանչյուր կենդանու դեպքում փոփոխությունները տարբեր են, օրինակ` ավելացվում է խոշոր գիշատիչների մսի չափաբաժինը, ջրլող թռչունների դեպքում հյութեղ կերատեսակները փոխարինվում են հատիկավորով: Սննդի հետ կապված խնդիրներ չկան: Կենդանիների սնունդն իրականացնում է պետական ֆինանսավորմամբ՝ նախապես մշակված կերացանկի համար հայտարարելով մրցույթներ»,-հայտնեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող եռափուլ վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտված է: Արդյունքում այս տարվա ձմեռն այգին  անցկացնում է նաև նոր ջրամատակարարման համակարգով: Առաջիկայում իրականացվող աշխատանքներում հնարավորության դեպքում նոր ազատավանդակները կառուցվելու են այնպես, որ այցելուները հնարավորություն ունենան կենդանիներին հետևելու նաև ձմռանը: Հարցին, թե արդյո՞ք այգին նախատեսում է նոր կենդանիների ձեռքբերում, պարոն Խաչատրյանն ասաց. «Նոր կենդանիներ ներմուծելու, կենդանիների փոխանակման առաջարկներ, իհարկե, կան, սակայն դրանք դեռևս հաստատված ծրագրեր չեն: Ցանկացած նոր կենդանատեսակ ներմուծելուց առաջ Երևանի կենդանաբանական այգին պարտավոր է ապահովել Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան պայմաններ: Ուստի կենդանիների բերելուց առաջ նախ մեր այգում արդեն իսկ առկա և նոր բերվող տեսակների համար համապատասխան պայմաններ ստեղծելու խնդիրը պիտի լուծենք: Քաղաքապետարանի կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների առաջիկա փուլերը նաև նոր կենդանատեսակներ բերելու համար պայմաններ ստեղծելու հարցը կլուծեն»: Ի դեպ, ձմռան շրջանում Կենդանաբանական այգին աշխատում է ամեն օր՝ ժամը 10.00-ից 18.00-ը, երկուշաբթի՝ ժամը 11.00-ից: