«Հայոց գրերի երթ»՝ Երևանում
Այսօր՝ հունվարի 15-ին, Կառավարության Ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի «Հայոց գրերի երթ» (Eternal Alphabet` հարատև այբուբեն) արտ-ռելիեֆ նախագծի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանի՝ «Հայոց գրերի երթ» հարատև այբուբենի օրհնությամբ, որից հետո
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի, ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Մուրադյանի և imyerevan.com կայքի տնօրեն Գայանե Մանուկյանի կողմից կտրվեց խորհրդանշական կարմիր ժապավենը:
Տոնական միջոցառումը շարունակվեց Կառավարության Ընդունելությունների տանը. նախաձեռնության մասնակիցներն ու հեղինակները ներկայացրին նախագիծը, գործընկերներին և աջակից ԶԼՄ-ներին հանձնվեցին շնորհակալագրեր:
Նախագծի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ կառավարության, պետական և բիզնես ոլորտի, շոու-բիզնեսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, միջազգային հյուրեր:
«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծն իրականացվել է ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը իր խոսքում նշեց. «Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:
Քաղաքի հարմարավետ և բարեկարգ միջավայրի ապահովմանը ուղղված «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծը «Մի պատի պատմություն» հայեցակարգի մաս է կազմում, որը ենթադրում է պատը դարձնել արվեստի հարթակ` ինտերակտիվ ցուցասրահ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար, որտեղ վեց ամիսը մեկ կներկայացվի նոր արտ-ինստալացիա, իսկ հին ցուցադրությունը կտեղափոխվի և կցուցադրվի Հայաստանի այլ քաղաքներում՝ հնարավորություն ընձեռնելով, արվեստի համապատասխան աշխատանքները ցուցադրել նաև իրենց քաղաքի բնակիչներին և հյուրերին: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այս ուղղությամբ քաղաքականությունը և աջակցելու է նման նախաձեռնությունների իրագործմանը»:
imyerevan.com կայքի տնօրեն Գայանե Մանուկյանը, խոսելով նախագիծի մանրամասների մասին, նշեց. «Երևանը զբոսաշրջիկների և մեր հայրենակիցների համար ավելի գրավիչ և ակնահաճո դարձնելու նպատակով հերթական անգամ շրջում էինք քաղաքում և երկար փնտրտուքների արդյունքում մի օր բացահայտեցինք այս պատը:
Անմիջապես միտք հղացավ դրան նոր շունչ հաղորդել: Գաղափարները շատ էին, մի շարք նախագծերի մտքեր կային. որոշեցինք սկսել մեր տառերից: Նախ սա Մատենադարանի`մեր յուրահատուկ գրապահոց-թանգարանի հարակից պատն է, իսկ այբուբենը մեր գոյության, ինքնատիպության խորհրդանիշն է և հայ ազգի կրած անարյուն ամենամեծ ճակատամարտը:
Վերջին տարիներին հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել են այբուբենին նվիրված հրաշալի հուշարձաններ, իսկ մեր առջև խնդիր դրեցինք ստեղծել նաև մայրաքաղաքին հարիր, գեղեցիկ ու հաճելիորեն տարբերվող տառատեսակներ: Սա «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի հերթական ծրագրերից է, որն իր շուրջ համախմբեց բազմաթիվ հովանավորներ, բարերարներ և բարեկամներ ՀՀ-ից և ՌԴ-ից: Որպես երևանցի շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր քաղաքում ունենալ մշակութային նման ինտերակտիվ հարթակ»:
«Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակ, նկարիչ, դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանի հետ զրույցում նա ասաց.
««Երևան 2.0» նախագիծն իր գործունեությամբ նպատակ ունի նպաստելու Երևանի արտաքին տեսքի բարելավմանը: Երբ նախագծին միանալու առաջարկը ստացա, անմիջապես համաձայնեցի, քանի որ գաղափարը ինձ շատ դուր եկավ: Համատեղ քննարկումների արդյունքում միաձայն որոշվեց արտ-ինստալացիայի թեման՝ հայոց այբուբենը: Թեմայի ընտրությունը պատահական չէր, քանի որ ընտրված պատը Մատենադարանի հարևանությամբ է, իսկ այնտեղ մեր ամբողջ գեղարվեստական և գիտական պատմությունն ու կտակն է: Մեծ եռանդով նախագծեցի տառերը, քանի որ տառերն էլ պետք է ընկալել որպես արվեստ և, իհարկե, չմոռանալ այդ արվեստի մասին»:
«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի հիմնական նպատակներն են՝ ժամանակակից արվեստի միջոցով բարելավել քաղաքային միջավայրը, ստեղծել քաղաքի ժամանակակից խորհրդանիշներ, նպաստել զբոսաշրջության զարգացմանը և հանրայնացնել ազգային արժեքները:
Նախագծի իրականացման վայրը Մատենադարանի հարևանությամբ գտնվող Մեսրոպ Մաշտոցի 51 հասցեից մինչև Սարմենի հատող փողոց տանող մասում գտնվող պատն է՝ Երևանի կենտրոնական հատվածներից մեկը: «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի շրջանակներում տարիներ շարունակ անշուք և անտեսված պատի խորշերում երկարաժամկետ աշխատանքներից հետո տեղադրվեցին մեսրոպյան այբուբենի տառերը: «Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակն է նկարիչ, դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը:
Մեսրոպատառ գրերը չժանգոտվող մետաղից են, իսկ դրանք պարուրող հայկական զարդանախշերը` արույրից: Պատի խորշերից յուրաքանչյուրում կա այբուբենի մեկ կամ երկու տառ, իսկ երեկոյան ժամերին պատն ամբողջությամբ լուսավորվում է: Նախագծի շրջանակներում պատի վրա տեղադրվել են նաև տեսահսկող համակարգեր և անվճար wi-fi:
«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի հովանավորներն ու բարերարներն են Էմիլ Արզանգուլյանը, Բագրատ Ալեկյանը, Գագիկ Աբրահամյանը, Դոնարա Թևոսովան, Դավիթ Երեմյանը, Ավետ Բարսեղյանը, Շուշան Պետրոսյանը, Անահիտ Անտոնյանը, Ռուբեն Ջաղինյանը, Վարդան Բաբայանը, Սիմոն Խաչատրյանը, Անահիտ Սիմոնյանը, Վիկտոր Մնացականյանը, Ռուբեն Հարությունյանը, Վահագն Կակոսյանը, Արմինե Ղազարյանը, Արիկ Արամյանը, Մարինե Մուշեղյանը, Յուրա Մովսիսյանը, Նունե Գևորգյանը, Անդրեյ Պյատախինը, Ռուբեն Եսայանը, Կարեն Մուշեղյանը, Մարինե Ենգիբարյանը, Գոռ Նահապետյանը, Հրաչուհի Բարսեղյանը, Հայկ Եսայանը: Նախագծի գործընկերներն են «Յուքոմ», «Beeline», «Արմոբիլ» ընկերությունները:
Նախագիծն իրականացվել է «Երևան Փրոդաքշնս» ընկերության imyerevan.com կայքի նախաձեռնությամբ` «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի շրջանակներում: Նախագծի իրականացմանն իր մեծ ներդրումն է ունեցել բարերար Գոռ Նահապետյանը: