Ռոբերտ Հովհաննիսյանը բոլոր պարտիաներն ավարտել է իր օգտին
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի 14 պատվիրակներից հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Մեր 24-ամյա շախմատիստը երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ այժմ բաժանում է 1-4-րդ տեղերը: Նա նախ հաղթել է ադրբեջանցի Վուգար Ասադլիին, ապա իր հայրենակից Հովիկ Հայրապետյանին, իսկ վերջին պարտիայում պարտության է մատնել հնդիկ Միշրա Սվայամսին: Մեր մյուս շախմատիստներից վատ չեն մեկնարկել գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Արման Փաշիկյանը, որոնք առաջին երեք պարտիաներում ընդամենը կես միավոր են կորցրել եւ գտնվում են առաջատարներին հետապնդողների ստվար խմբում: Այսօր լուրջ փորձություն է սպասում մերոնց, քանի որ մրցաշարի կազմակերպիչները նախատեսել են երկու մրցափուլ: Առավոտյան կկայանան 4-րդ տուրի, իսկ երեկոյան՝ 5-րդ տուրի պարտիաները: Առաջիկա տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Բաբու Լալիթի հետ: Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովի հետ, իսկ Արման Փաշիկյանը սեւերով՝ չինացի Չոնգշեն Ժենի հետ: