Զեպ Բլատերն այլեւս չի ցանկանում զբաղվել ֆուտբոլով
1998-2015թթ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ղեկավարած Զեպ Բլատերը հայտարարել է, որ չի ցանկանում զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: «Ես այլեւս չեմ ցանկանում զբաղվել ֆուտբոլով: Մեր կազմակերպության հանդեպ հավատս կորցրեցի այս տարվա մայիսի 27-ին, երբ ֆեդերացիայի աշխատանքներին միջամտեցին ԱՄՆ-ի իրավապահ մարմինները» - ամերիկյան «Ուոլսթրիթ Ջորնալ» թերթին խոստովանել է ՖԻՖԱ-ի արդեն նախկին նախագահը: Մի քանի օր առաջ, երբ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն Զեպ Բլատերին 8 տարով հեռացրել էր մեծ ֆուտբոլից, նա ասել էր, որ պատրաստ է մտնել ցանկացած երկրի դատարան եւ պայքարել իր պաշտոնի համար: Սակայն 79-ամյա ֆուտբոլային գործիչը, երեւում է, այլեւս ուժ չունի դիմակայելու անդրօվկիանոսյան ճնշմանը: Հիշեցնենք, որ Զեպ Բլատերը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, գումարներ լվանալու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Ի դեպ, ֆրանսիական RFI ռադիոն վերջերս առաջարկով դիմել է նրան՝ Ֆրանսիայի գավաթի խաղարկության խաղերը մեկնաբանելու համար: Զեպ Բլատերը հայտարարել է, որ դեմ չէ իր ուժերը փորձել ֆուտբոլային լրագրությունում, սակայն միաժամանակ ավելացրել է, որ այժմ զբաղված է առողջության վերականգմամբ, բացի այդ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին: