Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 1-ից՝ թվային հեռարձակում. նոր խաղացողներ կհայտնվե՞ն դաշտում (տեսանյութ)

Հասարակություն
tvayin

Հայաստանը 2016 թվականի հունվարի 1-ից անցնելու է թվային հեռարձակման: Սա նշանակում է, որ հին սերնդի հեռուստացույց ունեցող քաղաքացիները չեն կարողանա դիտել իրենց սիրելի հաղորդաշարերը, եթե չունենան ազդանշանն ընդունելու համար անհրաժեշտ DVB-T2 սարքեր կամ էլ նոր սերնդի հեռուստացույց: Թեեւ մեր համաքաղաքացիները տեղյակ են խնդրին, բայց չեն շտապում ձեռք բերել սարքերը, որոնք արժեն 7500-20000 դրամ։ Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասն օգտվում է մալուխային պլատֆորմից։ Սակայն մարզերում պատկերն այլ է։ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի» ղեկավար Գրիգոր Ամալյանը նշում է. «Մարզերում տեսանելի է լուրջ ակտիվություն այս սարքերի ձեռքբերման եւ թվային հեռուստատեսություն դիտելու հետ կապված, քանի որ թվային պլատֆորմը միանգամից առաջարկել է 9 հեռուստածրագիր, ուստի մարզերի մեր քաղաքացիները լուրջ շարժառիթ ունեն ձեռք բերելու այս սարքերը»: Կառավարության որոշմամբ՝ թվային ազդանշանն ընդունող սարքերն անապահով ընտանիքներին կտրամադրվեն անվճար: Պայմանագիրն արդեն կնքել են, սակայն սարքերը դեռ Հայաստան չեն հասել: Գրիգոր Ամալյանը չի բացառում, որ անալոգային հեռարձակման անջատումներն այդ պատճառով կարող են հետաձգվել: Հարցին՝ թվայնացման գործընթացի արդյունքում որքանո՞վ է հնարավոր նոր խաղացողների առաջ գալը հեռուստաեթերում, օրինակ՝ «Ա1+»-ի վերադարձը եթեր, Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է: Օրենսդրական հնարավորություններ միշտ կան, եւ կարծում եմ, որ թվայնացումն այս հնարավորությունը կավելացնի»: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը զրկվել է եթերից 2002 թվականի ապրիլի 2-ին, երբ ՀՌԱՀ նախագահը Գրիգոր Ամալյանն էր: