Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահական համակարգում ռուսական թղթաբանություն է

Հասարակություն
doctor

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե այս օրենքի նպատակը դեղերի մատչելիության ապահովումն է, սակայն մի կողմից սահմանվում է հենակետային վերին գին. «Չե՞ք կարծում, որ արդյունքում կլինի մոնոպոլացում: Դեղ վաճառողները սկսելու են արդեն զարտուղի ճանապարհներով ելքեր գտնել: Կարելի է չէ՞՝ նրանց անիմաստ ծախսերից զերծ պահել. Չէ՞ որ դեղը գրանցում եք ու անընդհատ մշտադիտարկման մեջ է այն, սակայն ասում եք՝ հինգ տարին մեկ այն պետք է վերագրանցվի: Մյուս կողմից ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի տակ է դեղը, ու ցանկացած պահի կարող է կասեցվի նրա վաճառքը»: Ըստ պատգամավորի՝ այն ամբողջ թղթաբանությունը, որ նախատեսվում է օրենքով ի վերջո մեծ ծախս է դեղ վաճառողների համար. «Իսկ եթե ուզում եք, որ դեղերը էժանանան, ինքնարժեքը նվազեցնելու ուղղությամբ քայլեր եք ձեռնարկում, ապա սա պետք է նկատի ունենաք»: Նիկոլ Փաշինյանին մտահոգում էր նաեւ դեղերի՝ հայերեն բացատրական թերթիկի բացակայությունը. «Դուք կարո՞ղ եք ասել՝ մեր բժիշկների քանի տոկոսն է ախտորոշումը ռուսերենով գրում: Ինչի՞ օրենք չեք ընդունում, որ հայերենով պետք է գրեն, այլապես հինգ հազար դրամով կտուգանվեն: Օրինակ՝ գնում ես սոնոգրաֆիայի, մեկ էլ գրում են՝ կիշեչնի եսիմ ինչ...»: Առողջապահության նախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ շատ բժիշկներ այսօր ռուսերենով են գրագրությունն անում, որը նախարարությանը համար այնքան էլ ընդունելի չէ. «Սակայն հիմա գերակշիռ մասը արդեն հայերենով է գրում: Հայերենի խնդիրն ընդամենը տեղեկատվական մատչելիությունն է լուծում: Սակայն ձեր առաջարկն ընդունելի է, կարող ենք քննարկել: Ինչ վերաբերում է հինգ տարին մեկ անգամ դեղերի փորձաքննությանը, ապա ուզում եմ ասել, որ այդ ընթացքում հետազոտությունների արդյունքում այլ ազդեցություններ են հայտնաբերվում եւ նոր փորձաքննության եզրակացության խնդիր ենք ունենում»: Փոխնախարարի խոսքերով՝ օրենսդրական այս փոփոխություններով նաեւ փորձում են շատ կարգավորումներ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին. «Չեմ կարծում, որ այս օրենքը բերում է մենաշնորհի. դաշտը բացարձակապես ազատականացված է: Յուրաքանչյուր ներմուծող պատասխանատվություն է կրելու իր ներմուծած դեղի համար»: