Նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ Նյու Յորքի հայկական վարժարանում
Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանում մեծ հանդիսություն էր։ Շնորհավորելով Նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանն ասաց. «Սիրելի ծնողներ, շնորհակալ ենք, որ ձեր զավակները ուսանում են մեր ամենօրյա վարժարանում, որը միակն է Նյու Յորքում։ Կցանկանայի նաև, որ գալիք տարիներին մեր աշակերտների թիվը կրկնապատկվի ։Քաջալերեք և բերեք ոչ միայն ձեր զավակներին, այլև ձեր թոռներին ։ Եղեք առատաձեռն ձեր զավակներին ու թոռներին հայեցի կրթություն տալու հարցում»։
Տնօրենը ներկայացրեց նաև երեկոյի պատվավոր հյուրերից Տիգրան Չրչյանին, որն ամեն երեքշաբթի գալիս է վարժարան ու երեխներին նվերներ բաժանում ։
Տոնակատարության հայտագիրը բազմազան էր։ Հադիսությանը մասնակցեցին վարժարանի բոլոր երեխաները ՝ մանկապարտեզի, ինչպես նաև առաջինից մինչև բարձր դասարանի աշակերտները ։ Ծրագրում ընդգրկված էին խմբակային երգեր ( խմբավար՝ Անահիտ Պողոսյան, դաշնակահար՝ Նվարդ Տատուրյան), արտասանություն, պարեր, ինչպես նաև անգլերեն լեզվով փոքրիկ ներկայացում ։ Տոնակատարության վերջում ներկաներն ու աշակերտները մեծ ոգևորությամբ դիմավորեցին կաղանդ պապին, որն իր հետ բերել էր բազմաթիվ նվերներ։ Բարձրանալով բեմահարթակ՝ նա երեխաների հետ շուրջպար բռնեց և բաժանեց նվերները։ Վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը մի խումբ աշակերտների հետ լուսանկարվեցին Կաղանդ պապի հետ։
«Բոլորս ականատես եղանք Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոնակատարությանը։ Իսկապես բոլորս շատ ազդվեցինք՝ Տեսնելով, թե ինչպես հայ մանուկները գտնվելով օտար երկրում, ինչպիսի հայեցի կրթություն են ստանում և հայերեն են ներկայացնում մեր հայկական և քրիստոնեության ժառանգությունը, և իսկապես այսօր նրանք փայլեցին։ Տա աստված, որ մեր հայ դպրոցը զորանա օրեցօր, և տա աստված մեր ուսուցիչներին և վարժարանի տնօրենուհի տ․Զարմինե Պողոսյանին երկար կյանք և արևշատություն, ուժ և կորով, որպեսզի կարողանան այս մեր համընդհանուր, համազգային առաքելությունը ի կատար ածեն, որ էլ ավելի միասնական լինեն, հայեցի լինեն՝ վառ պահելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը»,- երեկոյի վերջում ասաց Սրբոց Նահատակաց եկեղեցվո հովիվ, Արժ․Տ․Աբրահամ Քհնյ․Մալխասյանը ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի