Վերնիսաժի կրակոցների գործով դատավորը հայտնի է
Վերնիսաժի կրակոցների գործը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել թե դատախազը, եւ թե ամբաստանյալներից Վալերիկ Հովհաննիսյանը: Դատախազը պահանջել է խստացնել Գոռ Առաքելյանի պատժաչափը, իսկ երեք տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանը միջնորդել է իրեն անմեղ ճանաչել եւ արդարացնել, հակառակ դեպքում՝ պատիժը մեղմացնել: Դատախազը վերաքննիչ բողոքում միջնորդել է նախորդ տարվա մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների համար մեղավոր ճանաչված Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերիկ Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ գործով ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, դատապարտել էր 6 ու կես տարվա, գործով մյուս ամբաստանյալ Նորայր Մելքոնյանին՝ երկու, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման: