Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք անում ենք այն, ինչ 80 միլիոնանոց Գերմանիան չի կարողանում. Ա. Աբրահամ (տեսանյութ)

Սպորտ
sport-abraham

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնացել է ուսանողուհու հետ: WBO վարկածով աշխարհի չեմպիոնն այդ մասին հայտարարեց այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին. «Վեց ամիս առաջ եմ ամուսնացել: Ընտրյալս սովորում է Երեւանի պետական համալսարանում: Ինքնին դժվար է երկուսիս համար, քանի որ շատ ժամանակ անցկացնում եմ մարզումների եւ հավաքների վրա: Ես դեռեւս սպորտային կյանքով եմ ապրում, իսկ դա շատ դժվար է եւ իմ եւ կնոջս համար»: Արթուր Աբրահամը կրկին հաստատեց, որ մտադիր է հանդես գալ եւս երկու տարի, որից հետո կթողնի մեծ ռինգը: Մեր հայրենակիցը նպատակ է դրել հաղթել առաջիկա իր բոլոր մրցակիցներին եւ հաղթանակած ավարտել կարիերան: Սակայն Արթուր Աբրահամի ամենամեծ երազանքը կապ չունի սպորտի հետ. «Իմ կյանքի ամենամեծ երազանքը երեք երեխա ունենալն է: Եթե Աստված ինձ արու զավակ պարգեւի, ես նրան միանշանակ չեմ թողնի զբաղվել բռնցքամարտով, որովհետեւ այն շատ դժվար, ծանր եւ դաժան մարզաձեւ է»: Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը լինելու է WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսը. «Առայժմ ոչինչ չգիտեմ մրցակցիս մասին: Երբ հանգստանում եմ, աշխատում եմ չմտածել առաջիկա մրցամարտի մասին: Երբ սկսեմ պլանավորված նախապատրաստվել այդ մարտին, այն ժամանակ կուսումնասիրեմ մրցակցիս, մարզչիս հետ կդիտենք նրա մենամարտերը՝ թույլ եւ ուժեղ կողմերը պարզելու համար»: Արթուր Աբրահամը չնայած բավական զբաղված է եւ Հայաստանից հեռու է գտնվում, սակայն շարունակում է հետաքրքրվել հայկական բռնցքամարտով, ի տարբերություն մեր մյուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի, որը վերջերս հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում այն, թե ինչ է կատարվում այդ մարզաձեւում ՀՀ-ում. «Որպես բռնցքամարտիկ ես պարտավոր եմ հետաքրքրվել մեր բռնցքամարտով: Չէ՞ որ իմ առաջին քայլերը կատարել եմ այստեղ: Հայկական բռնցքամարտում ներկայումս այնքան էլ վատ չէ: Մենք չնայած փոքր պետություն ենք, բայց միշտ էլ մեդալ ենք նվաճում տարբեր մրցումներում, իսկ 80 մլն բնակչություն ունեցող Գերմանիան անգամ չի կարողանում դա անել»,- եզրակացրեց անվանի բռնցքամարտիկը: