«ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ չլինեին, ընդդիմադիրներն այս նախագծին դեմ չէին լինի»
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Այո է ասելու սահմանադրության հանրաքվեին։ «Նոր սահմանադրությամբ կլինեն փոփոխություններ։ Կարծում եմ, որ սխալ է անընդհատ քննարկել, թե ում է ձեռնտու այս սահմանադրությունը։ Ես համոզված եմ, որ եթե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և Դաշնակցությունը կողմ չլինեին, բոլոր ընդդիմադիրներն այս նախագծին դեմ չէին լինի։ Սահմանադրությունը կենդանի ջուր է, կարող է մի քանի տարի հետո էլ փոփոխվել, բայց հիմա սա մեզ անհրաժեշտ է»։ Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ոչ այնքան կարևորում է հանգամանքը, թե ով Այո կամ Ոչ կասի հանրաքվեին, այլ այն, թե մեր երկիրն ինչ քաղաքականությամբ է առաջնորդվելու։ «Հնարավոր է՝ առաջիկայում աշխարհի քարտեզը փոխվի։ Մենք՝ որպես ազգ, ունենք երազ. հողեր ունենք ազատագրելու։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ երկիր։ Գլխավորն այն է, որ մտածենք Հայաստանի ինքնուրույն առաջընթացի մասին»։ Պարոն Ափինյանը կարծում է, որ սահմանադրության նախագծի շուրջ Այո-ի և Ոչ-ի քննարկումներն այնքան էլ ճիշտ ձևով չեն ընթանում. «Կա վեճ, կռիվ, անգամ՝ թշնամանք։ Այդ քննարկումները հասարակությանը երկու մասի բաժանեցին։ Սա ճիշտ գործելակերպ չեմ համարում։ Մենք պետք է միասնաբար խոսենք այս հարցերի մասին»,-շեշտեց նա։ Երևանի գրողների միության ղեկավարը հիշեցնում է՝ առաջիկայում Կարսի պայմանագիրը պետք է հերթական անգամ վերանայվի։ «Մենք՝ հայերս, պետք է կարողանանք ետ վերադարձնել այդ տարածքը, արդյո՞ք կկարողանանք այդ խնդրով զբաղվել...»։