Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Բուդաղյանի գործով որոշում չհրապարակվեց (տեսանյութ)

Հասարակություն
e34100ffbd2ece64574d740ba0b77c24

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր չհրապարակեց 2013 թ հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, թե մյուս դատավորը Հենրիկ Տեր- Ադամյանը վատառողջ է: Ուստի այդքան երկար ժամանակ խորհրդակցական սենյակում մնալը միտք չուներ եւ միակ ելքը քննությունը վերսկսելն էր: Թե երբ կհրապարակվի որոշումը, կողմերին կտեղեկացվի լրացուցիչ: Գնդապետ Արտակ Բուդաղյանը իր վերաքննիչ բողոքում պահանջում է արդարացնել իրեն: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝ 120 հազար դրամի չափով: Դատարանը, սակայն, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու ԱԺ որոշումը, նրան ազատել էր պատիժը կրելուց: Հիշեցնենք, որ 2013 թ հունիսի 1-ին՝ Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ: Կրակոցների արդյունքում քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, գործով միակ մեղադրյալն է: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու հոդվածով: Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը իմաստ չի տեսնում, որ գործը ձգվի, սակայն ցանկացած դատական ակտ ակնկալում է. «Մի կողմից հաշվի առնելով, որ մենք բացարձակապես ճիշտ ենք, բայց մյուս կողմից հաշվի առնելով Սուրիկ Խաչատրյանի հնարավորությունները չեմ բացառում ցանկացած դատական ակտ, որը մտնում է Վերաքննիչ քրեական դատարանի լիազորությունների մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը: Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ առաջին ատյանի դատարանը արդարացման դատական ակտ պետք է հրապարակեր: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանի մյուս եղբայրը՝ Արա Բուդաղյանը, մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու համար: