«Հերիք է մի տող փոխել, և Վճռաբեկ դատարանը կարելի է փակել» (տեսանյութ)
Փաստաբան Հայկ Ալումյանին ամենեւին էլ չի ուրախացնում, որ նոր սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին և Վճռաբեկ դատարանի նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը։ «Էլի լիարժեք անկախություն դատավորի չենք ստանում նախագծի այս պայմաններում։ Այս անգամ էլ յուրաքանչյուր դատավոր կախման մեջ է հայտնվում այն քաղաքական ուժից, որը կգա տվյալ պահին իշխանության»,-նշում է նա։ Ըստ փաստաբանի՝ դատական համակարգի պաշտոնյաների ընտրման այս մեխանիզմն ամենևին էլ ժողովրդավարական չէ. այդտեղ ժողովուրդը չկա։ Բացի դրանից, Վերաքննիչ դատարանները տարիներ շարունակ վճռաբեկություն են իրականացնում, մինչդեռ նախագծում այս խնդրի կարգավորման մեխանիզմները չկան։ «Մի հատ էլ Վճռաբեկ ունենք, ինքը մատնված է անգործության։ Հերիք է մի տող փոխել, սահմանել, որ Վերաքննիչն է ապահովում օրենքի միատեսակ կիրառություն, և Վճռաբեկ դատարանը կարելի է փակել»։ Դատական համակարգում կոռուպցիայի առկայությունը նորություն չէ։ Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը գերադասում է այս մասին չխոսել։ Նա վստահ է, սակայն, որ կոռուպցիան կկրճատվի։ Մանրամասները՝ տեսանյութում