Վովա Գասպարյանը խոստացել էր բացահայտել գործը, բայց չի արել (տեսանյութ)
Սյունիքի մարզի բնակչուհի Էմմա Հարությունյանն արդեն 5 տարի է` չի տեսել իր որդուն: Նրա խոսքերով՝ որդուն ընկերները եկել տանից տարել են, եւ մինչ օրս նրա մասին ոչինչ հայտնի չէ: Մայրը դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն հստակ պատասխան նրան չի տրվել: որդու՝ Արա Խաչատրյանի գործը բացահայտել խոստացել էր ոստիկանապետ Վովա Գասպարյանը: «Վովա Գասպարյանը նոր էր մտել աշխատանքի, ինձ գրկել էր, ասում էր պատմությունը գիտեմ մինչեւ մեկ ամիս չգտնենք, բա ո՞ւր է հիմա, ուր է տուր իմ տղային, ամպագոռգոռ ելույթներ ես ունենում: Վովա Գասպարյանը որ ուզենա չի բացահայտի՞, չի ուզում, չի բացահայտում », -«Ա1+»-ին ասաց Կառավարության շենքի մոտ ակցիա անցկացնող Էմմա Հարությունյանը: Այս տարիների ընթացքում նա համոզվել է, որ եթե ծանոթ ունենար, ապա գործը վաղուց բացահայտված կլիներ: «Իմ տղային գտնեն տան ինձ, փողով ծածկել են իմ տղայի գործը»,- նշում է մայրը: Կառավարության շենքի դիմաց այսօր էլ ակցիա էին անցկացնում աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները, Դալմայի նախկին հողօգտագործողները եւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Վերջիններս նշում են, որ իրենց համարժեք փոխհատուցում չի տրամադրվել, հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն էլ պահանջում են 8 տարիների չստացած թոշակները: