Սփյուռքահայերը կաջակցեն Գյումրու կենդանիներին (տեսանյութ)
Մասնագետները շարունակում են ահազանգել կենդանիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին։ «Մեր կենդանաբանական այգիներում, ընդ որում՝ ոչ միայն Երևանի, կան այնպիսի կենդանիներ, որոնք բնորոշ չեն Հարավային Կովկասի համար։ Մարդիկ բերում են կենդանիներին և ստեղծում մասնավոր կենդանաբանական այգիներ։ Շատ ժամանակ իրենք չգիտեն, թե ինչպես պետք է խնամել կենդանիներին»,-ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նա վստահ է՝ որքան էլ մարդիկ փորձեն աֆրիկյան և այլ երկրներից բերած կենդանիների համար լավ պայմաններ ապահովել, միևնույն է՝ լինելու են խնդիրներ։ Տիկին Ադամյանը նաև «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ղեկավարն է։ Կենդանասեր ընկերների հետ նախաձեռնել են այնտեղի կենդանիների համար վերականգնողական կենտրոն ստեղծել։ «Իհարկե, ավելի շուտ կարելի էր դա անել, սակայն ամեն դեպքում կարծում եմ, որ դա հիմա էլ որոշ չափով կնպաստի կենդանիների կեցության բարելավմանը։ Մեր սփյուռքահայ և օտարերկրացի բարեկամները, որոնք հանձն առան մեզ աջակցելու այս հարցում, պատասխանատվություն են վերցրել՝ բոլոր հարցերում աջակցել՝ որքանով հնարավոր է»,-նշեց բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանը։ Մինչդեռ այս և այլ բնապահպանական հարցերում պետք է պետական աջակցություն լինի։ «Պետությունը պարտավոր է կենդանիների կեցության և սննդի իրավունքը պահպանել։ Հանրային վերահսկողություն էլ պետք է լինի, նաև՝ օրենսդրական դաշտի բաց լինելու խնդիր ունենք։ Սակայն մենք չէ, որ պետք է պատասխանատու լինենք այս հարցի համար»,-շեշտեց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան, բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը։