Ոստիկանությանը ձեռնտու է, որ ռիսկային մարդիկ գտնվեն ՔԿՀ-ներում
2013 թ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտով ազատ է արձակվել 226 մարդ, իսկ 2014 թ-ին՝ 184: «Հետեւաբար ոլորտում դրական տեղաշարժ չկա, եւ հիմա ազատ արձակվողների թիվը հինգ տոկոսից քիչ է»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը: Նրա խոսքերով՝ այս տարիների ընթացքում որեւէ բարեփոխում չի արվում, եւ անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Պարոն Դանիելյանը հույս հայտնեց, որ պրոբացիոն ծառայության ներդրման հետ մեկտեղ գնահատման նոր չափորոշիչներ կներդրվեն: ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ դատապարտյալները սովորաբար կարգապահական տույժ են ունենում, դրա համար էլ չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը: Հովհաննես Մարգարյանը տեղյակ չէր, թե ներկա պահին քանի դատապարտյալ է հացադուլ հայտարարել, սակայն նշում է, որ հացադուլ հայտարարածների հետ աշխատանքներ են տարվում: Իրավապաշտպան Արման Դանիելյանը չունի հստակ փաստեր, որ հանձնաժողովում գոյություն ունի կոռուպցիա, սակայն չի հասկանում անկախ հանձնաժողովի իմաստը եւ նշում է, որ հանձնաժողովի անդամներից շատերը ունեն իրենց շահերը՝ օրինակ ոստիկանությանը ձեռնտու է, որ ռիսկային մարդիկ գտնվեն ՔԿՀ-ներում: Նա նաեւ մեկ բաց է նշում՝ անկախ հանձնաժողովը բավարարել է անձին ազատ արձակելու դիմումը, սակայն Դատախազությունը բողոքարկել է որոշումը դատարանում: