Սարքը կտեսնի անձի տեղաշարժը եւ ալկոհոլի առկայությունը (տեսանյութ)
Պրոբացիոն ծառայության առաքելությունն է անձին թողել ընտանիքի ու հասարակության մեջ եւ չզրկել աշխատանքի իրավունքից. այսօր «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կրթական դասընթացի ժամանակ հայտարարեց «Սոցիալական աջակցություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը: Դասընթացը կազմակերպել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան: Պրոբացիա թարգմանաբար նշանակում է փորձաշրջան, փորձություն: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքերով՝ պրոբացիոն համակարգի ներդրումը շատ կարեւոր է Հայաստանի համար: Ըստ նրա՝ ՔԿՀ-ների գերբնակեցումը կկանխի, անձը զերծ կմնա ազատազրկման վայրերի նեգատիվ ազդեցությունից եւ չի կտրվի առօրյա կյանքից: Պրոբացիոն համակարգի շահառուն իր ձեռքին կամ ոտքին կրելու է էլեկտրոնային շղթա, եւ երբ անձը փորձի այն հանել, միանգամից զանգ կուղարկվի հսկիչ կայան: Իսկ տնային կալանքի դեպքում տանը հատուկ սարք է տեղադրվելու եւ երբ անձը հեռանա տանից, ազդանշան կուղարկվի հսկիչ կայան: Այդ սարքը նաեւ առավելություններ ունի. «Եթե անձը ալկոհոլիզմից բուժվում է, պետք է պարբերաբար գա, փչի այդ սարքով, դիմացը կամերան է, տեսնում են, որ հենց նա է փչողը: Միաժամանակ Պրոբացիոն աշխատողը տեսնում է՝ անձը ալկոհոլ օգտագործե՞լ է, թե՞ ոչ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ մարտահրավերներ եւս կան. էլեկտրոնային սարքի երկար կրելը մարդկանց մոտ կարող է առաջացնել սրտանոթային խնդիրներ, խախտվի անձնական տվյալների գաղտնիությունը: