Ամենաբարձր միավորները Կոտայքի մարզպետարանինն է, ամենացածրը՝ ԱԱԾ-ինը
Աջակցիր «Ա1+»-ինՀրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսն այս տարի գործարկվում է 2-րդ անգամ՝ 2014թ.ից ի վեր, հնարավորություն տալով գնահատել պետական կառավարման մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: Մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են հիսուներեք չափորոշիչների հիման վրա։
2015թ.ին գնահատվել են ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ ԱԺ աշխատակազմը, ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ նախարարությունները, մարզպետարանները և կառավարությանն առընթեր մարմինները, ընդհանուր` 36 մարմին: 2015թ.-ի արդյունքները ներառում են 2014թ.-ի սեպտեմբերի 28-ից 2015թ.-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներն արձանագրում են, որ 2015թ.-ի ինդեքսի համաձայն՝ գնահատման ենթարկված բոլոր մարմինները բարելավել են իրենց նախորդ տարվա ցուցանիշը, ինչը պայմանավորված է հիմնականում հետևյալով.
- 2015թ.-ին գնահատվող բոլոր մարմիններում (որոնցում չկային) վերջապես նշանակվեցին տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյաներ, ՏԱ պատասխանատուների մասին տեղեկատվությունը տեղադրվեց տեղեկություն տնօրինողների պաշտոնական կայքերում (տես` http://foi.am/hy/news/item/1431/ և http://foi.am/hy/news/item/1435/): ՏԱ պատասխանատու ունենալը և նրա մասին տեղեկություն հրապարակելը գնահատման երկու չափանիշներ են (ինդեքսի հարցաշարի 2.18 և 3.1 հարցեր), ուստի սա լրացուցիչ միավորներ ապահովեց տեղեկություն տնօրինողներից շատերի համար: ՏԱ պատասխանատուների մասին տեղեկատվությունը հրապարակելը նաև “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջ է, որը մինչ 2015թ. չէր իրականացվում: Տեղեկություն տնօրինող շատ մարմիններ մինչ օրս էլ օրենքի այս դրույթը չեն պահպանում:
- Գնահատվող շատ մարմիններ կա՛մ թարմացրեցին իրենց կայքերը, կա՛մ նոր կայքեր ստեղծելով՝ դրանք հագեցրին անհրաժեշտ տեղեկություններով: Օրինակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ խորհրդակցելով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2014թ.-ի գնահատումից հետո իր նոր կայքում ավելացրեց բաժին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ, որը գնահատման առաձին չափանիշ է (ինդեքսի հարցաշարի 2.15 հարց): Գյուղատնտեսության նախարարության օրինակը նկատի ունենալով և ԻԱԿ-ի հետ խորհրդակցելով 2015թ.-ի ընթացքում տեղեկություն տնօրինող այլ մարմիններ (նախարարություններ, մարզպետարաններ) նույնպես իրենց կայքում նախատեսեցին բաժին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ, ինչը լրացուցիչ միավորներ ապահովեց նրանց համար:
- 2015թ.-ի գնահատման արդյունքների բարելավման մյուս հիմնական պատճառն այն է, որ տեղեկություն տնօրինողներից որոշները բարելավել են իրենց աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու հարցում: Այսպես, նվազել են լուռ մերժումերը (անպատասխան թողնված հարցումներ), անհիմն մերժումները (Ինդեքսի 1-ին տարվա գնահատման ժամանակ ԻԱԿ-ի հարցումների 8%-ը ստացել էր անհիմն պատասխան, 17%-ը` պատասխան չէր ստացել, մինչդեռ այս տարվա գնահատման ընթացքում ԻԱԿ-ի հարցումների 2%-ն է ստացել անհիմն պատասխան, և անպատասխան է մնացել 6%-ը), ինչը լրացուցիչ մի քանի միավոր է ապահովում տեղեկություն տնօրինողների համար: Ավելին, վերջին մեկ տարվա ընթացքում տեղեկություն տնօրինող 13 մարմին առհասարակ իրենց հասցեագրված բոլոր հարցումներին տրամադրել են և լիարժեք և ժամանակին պատասխան` “Տեղեկատվության ազատության իրավունք” բաժնում հավաքելով առավելագույն 25 միավոր: Ընդ որում, այս մարմիններից շատերին ուղարկվել են 5 և ավելի հարցումներ: Հարկ է նշել սակայն, որ նշված 13 մարմինները նախարարություններ և մարզպետարաններ են, որոնք մի կողմից արդեն մեկ անգամ գնահատվել են հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի շրջանակներում և ավելի բծախնդիր են ինդեքսում շատ միավորներ հավաքելու հարցում, մյուս կողմից այս մարմինները բավական մեծ փորձ ունեն ՏԱ ոլորտում, ունեն ՏԱ ուսուցում անցած ՏԱ պատասխանատուներ, որոնք ուշադիր են ստացված հարցումներին լիարժեք և ժամանակին պատասխան տրամադրելու հարցում: Ուստի, սա չի նշանակում, որ առհասարակ ՏԱ բոլոր հարցումները ստանում են լիարժեք և ժամանակին պատասխաններ. ժամկետների խախտումները և թերի պատասխանները դեռևս մնում են ՏԱ ոլորտի ամենամեծ խնդիրների շարքում:
Վերոնշյալ գործոնների ազդեցությունը ավելի ցայտուն է երևում ստորև` 2015թ.-ի ինդեքսում ամենաշատ և նվազագույն միավորներ հավաքած մարմինների 2014 և 2015թ.թ.-ի արդունքները համեմատելիս:
Ընդհանուր տվյալներ
Այսպես, հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի 2015թ. գնահատման արդյունքում տեղեկություն տնօրինող որևէ մարմին չի կարողացել հավաքել 100 միավոր: Նույն պատկերն էր նաև անցյալ տարի։
Առաջատարները
2015թ.-ին հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի լավագույն հնգյակը կազմում են.
- ՀՀ Կոտայքի մարզպետարան` 89 միավոր
- ՀՀ առողջապահության նախարարություն` 88միավոր,
- ՀՀ Արմավիրի մարզպետարան` 85 միավոր,
- ՀՀ Տավուշի մարզպետարան` 84 միավոր,
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` 83 միավոր:
5-րդ տեղը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ 83 միավորով կիսում են Վայոց Ձորի և Լոռու մարզպետարանները:
2015թ. Ինդեքսում պետական կառավարման մարմիններից լավագույն ցուցանիշը արձանագրվում է մարզպետարաններում։ Լավագույն հնգյակից երեքը հենց մարզպետարաններն են (Կոտայքի, Արմավիրի և Տավուշի): Հինգերորդ տեղն էլ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ կրկին մարզպետարաններն են կիսում (Վայոց Ձորի և Լոռու մարզպետարաններ)։ Նույն պատկերն է եղել նաև 2014թ.ին (ինդեքսի առաջատարը Արմավիրի մարզպետարանն էր, լավագույն հնգյակում էին նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետարանները):
Մարզպետարանների լավ ցուցանիշները պայմանավորված են ՏԱ օրենքին համապատասխան և անհրաժեշտ տեղեկատվությամբ հարուստ, ինչպես նաև կիրառման առումով մատչելի պաշտոնական կայքեր գործարկելով, ինչպես նաև այն հանգամանքով, որ մարզպետարաններին ուղարկված բոլոր հարցումներին տրվել է լիարժեք պատասխան։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ բոլոր մարզպետարաններն ունեն ՏԱ ուսուցում անցած ՏԱ պատասխանատու պաշտոնյաներ, ովքեր ապահովում են կայքերի պատշաճ գործունեությունը և մարզպետարանների աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելիս:
Կառավարությանն առընթեր մարմինները դեռ լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն ՏԱ ոլորտը բարելավելու ուղղությամբ։ Այս մարմինները չեն ներգրավվել նույնիսկ Ինդեքսի լավագույն տասնյակում, չնայած այն հանգամանքին, որ տնօինում են բավականին հարուստ տեխնիկական ռեսուրսներ՝ ի տարբերություն մարզպետարանների։
Հետնապահները
2015թ.-ին հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսում վատագույն արդյունքը ցույց են տվել.
36. ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ 33.5 միավոր,
35. ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե՝ 40.5 միավոր,
34. ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 48.5 միավոր,
33. ՀՀ Ազգային ժողով՝ 51 միավոր,
32. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ 53 միավոր:
Թեև բոլոր այս մարմինները 2014թ.ի համեմատ բարելավել են իրենց ցուցանիշը, սակայն լուրջ խնդիրներ են դեռևս առկա։ Անհանգստացնող է հատկապես այն հանգանմանքը, որ վատագույն հնգյակում հայտնվել է ՀՀ Ազգային ժողովը` Ազգային անվտանգության ծառայության կողքին։ Ազգային ժողովը մի մարմին է, որն իր բնույթով պետք է որ լիներ ամենաբացն ու հրապարակայինը։ Վատագույն արդյունք գրանցած մարմինների շարքում առկա է միայն մեկ նախարարություն՝ ՊՆ-ն։ Հատկանշական է, որ որևէ մարզպետարան չի հայտնվել այստեղ։ Մարզպետարանների ամենացածր ցուցանիշն այս տարի եղել է 79 միավորը (16-րդ տեղ՝ Արագածոտնի մարզպետարան): Իսկ նախարարությունների վատագույն ցուցանիշը ՊՆ-ից հետո արձանագրվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության դեպքում (60.5 միավոր, 30-րդ տեղ):
Կարևոր է նշել, որ Արագածոտնի մարզպետարանի ցուցանիշը ամենացածրն է բացառապես այլ մարզպետարանների հետ համեատության դեպքում, ընդ որում` 1-ին տեղը զբաղեցրած Կոտայքի մարզպետարանին Արագածոտնը զիջում է ընդամենը 10, իսկ 5-րդ տեղը զբաղեցնող մարմիններին ընդամենը 4 միավորով: Այսինքն, ընդհանուր առմամբ Արագածոտնի մարզպետարանն ունի հրապարակայնության և տեղեկատվության ազատության մակարդակի բարձր ցուցանիշ և առաջատարներին շատ քիչ է զիջում:
Նախարարությունների շրջանում հետնապահներն են.
34. ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 48.5 միավոր,
30. ՀՀ քաղաքաշինության նախարարություն՝ 60.5 միավոր,
29. ՀՀ բնապահպանության նախարարություն՝ 62 միավոր:
ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններից վատագույններն են.
36. ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ 33.5 միավոր,
35. ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե՝ 40.5 միավոր,
32. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ 53 միավոր:
Ինչպես 2014թ.-ին, այնպես էլ 2015թ.-ին գնահատվել են ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի հրապարակայնության և տեղեկատվության ազատության մակարդակները։ Այս մարմինները հետևյալ միավորներն են վաստակել.
27. ՀՀ կառավարության աշխատակազմ՝ 63 միավոր,
31. ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ 60.5 միավոր,
33. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ՝ 51 միավոր:
ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերը բավական ցածր արդյունք ունեն, զբաղեցնում են ինդեքսի վերջին տեղերը: Պատճառն այն է, որ թեև այս տեղեկություն տնօրինողներն ունեն բավական հագեցած կայքեր, սակայն որպես կանոն կայքերում բացակայում է բավարար տեղեկություն հենց աշխատակազմերի վերաբերյալ (օրինակ, աշխատակազմի բյուջեն, բյուջեի կատարման և գործունեության հաշվետվությունները): ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերի դեպքում դրական չէ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու պրակտիկան (տես` http://givemeinfo.am/hy/entity/47/from=2014-09-28;to=2015-06-18/ և http://givemeinfo.am/hy/entity/135/from=2014-09-28;to=2015-08-10/):
Լավագույն և վատագույն արդյունքների համեմատություն
Ամենաշատ միավորները հավաքել է Կոտայքի մազրպետարանը` 89 միավոր: Նախորդ տարի Կոտայքի մարզպետարանը 70 միավորով 8-րդն էր: Այսպես, 2014թ.-ի ինդեքսի արդյունքների համեմատ 2015թ.-ին մարզպետարանն իր ցուցանիշը բարելավել է 19 միավորով. նախ Կոտայքի մարզպետարանն էականորեն բարելավել է իր գործունեությունը ՏԱ հարցումներին պատասխանելու առումով` 2014թ.-ին հավաքած 12 միավորի փոխարեն 2015թ-ին հավաքելով 25 միավոր: Բացի այդ, իր կայքում նախատեսելով առանձին բաժին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ, հրապարակելով մարզպետարանի հաստիքացուցակները և ՏԱ պատասխանատու պաշտոնյայի տվյալները` “Հրապարակայնության/մատչելիության ապահովում տեղեկատվություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ” բաժնում նախորդ տարվա 38-ի փոխարեն հավաքել է 44 միավոր` այսպիսով ապահովելով հրապարակայնության մակարդակի աճ 19 միավորով:
Ավելին՝
այստեղ