Մասնակցեք մրցույթներին, տեսնենք՝ դուք ով եք. օպերային երգիչը՝ Արմենչիկին քննադատողներին
Սփյուռքահայ երգիչ Արմենչիկին Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր երգչի կոչում շնորհելու շուրջ ստեղծված աղմուկը դուր չի գալիս օպերային երգիչ, տենոր Կարպիս Մանուկյանին։ «Եթե հանրապետության հրապարակում ելույթ ունեցողները, որոնց թերությունները մեկ առ մեկ կարող եմ թվարկել, ունեն կոչումներ, ինչո՞ւ Արմենչիկը չպետք է ունենա։ Արմենչիկն ունի ռաբիզին հատուկ վոկալ, շատ երաժշտական է, իր ծրագիրն էլ հատուկ է միայն իրեն։ Բացի այդ, նա կարողանում է զվարճացնել Կալիֆորնիա նահանգի եւ նաեւ այստեղի մի հոծ զանգվածի։ Թիրախ դարձնել նրան՝ ճիշտ չէ։ Այդ մարդիկ, որ քննադատում են նրան, երեւի մակարդակը չի բավականացնում մյուսներին էլ քննադատեն։ Գնացեք մասնակցեք մրցույթներին, տեսնենք՝ դուք ով եք»։ Կարպիս Մանուկյանը հիշում է՝ Օպերային թատրոնում Ավագ Պետրոսյան կար՝ չգերազանցված Սարո, Նար Հովհաննիսյան՝ լավագույն Դավիթ Բեկ. «Իսկ այսօր ովքեր կոչումներ են ստանում, կարո՞ղ են արդյոք այս դերերը կատարել, աչքի էլ չեն ընկել որեւէ դերակատարումով, պարզապես տոնից տոն միջոցառումների են մասնակցել»։ Օպերային երգիչն ընդհանրապես դեմ է որեւէ կոչում շնորհելուն։ Բացի այդ. «Ի՞նչ է նշանակում, երբ բոլորին աշխարհահռչակ են ասում. աշխարհահռչակ մի քանի մարդ կա՝ Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան...Կոչումները պետք է վերացնել, դա ազգային խայտառակություն է։ Ո՞վ է որոշում դա»։